Հասարակություն

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան խախտում է եզդի երեխայի կրոնական իրավունքը, ասում են եզդի երիտասարդները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ   ճնշումներ են կիրառվում, ինչի արդյունքում  վերջին տարիների ընթացքում  Իրաքից եվրոպական երկրներ է արտագաղթել մոտ կես միլիոն եզդի», — այսօր լրագրողների հետ իրենց մտահոգություններն են կիսել «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամները, ովքեր իրավիճակն ուսումնասիրելու նպատակով վերջերս մեկնել էին Հյուսիսային Իրաք: Երիրատասարդներն այսօր  բարձրաձայնել են ոչ միայն Հյուսային Իրաքում , այլև Հայաստանում եզդի ազգաբնակչության որոշ իրավունքների ոտնահարման խնդիրների մասին։

Նոյեմբերի 12- իh հայաստանաբնակ եզդի երտասարդների  12 հոգանոց պատվիրակությունը  մեկնեց  Հյուսիսային Իրաք, որն աշխարհի բոլոր եզդիների բնօրանն է:   Իրաքից վերադարձած եզդի երիտասարդներն այսօր ներկայացրեցին   այնտեղ  տիրող իրավիճակը եզդի ազգաբնակչության խնդիրների համատեքստում։ «Հյուսիսային Իրաքում բնակվում է  ավելի քան 1.5 միլիոն եզդի: Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր եզդիական համայնքը:  Չնայած դրան՝ եդզիների հանդեպ այստեղ սարսափելի ճնշումներ են իրականացվում, ինչն էլ բերում է մեծ արտագաղթի»,- ասում է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ  Բորիս Թամոյանը։ «Միացյալ Նահանգների՝ Իրաք ներխուժումից հետո եզդիական տարածքները բաժանվել են երկու մասի , մի մասը գտնվում է քրդական ինքնավարության, մյուս մասը՝ Բաղդատի արաբական իշխանությունների  վերհսկողության ներքո։ Քրդական հատվածում եզդիների վիճակն ավելի լավ է, իսկ արաբական հատվածում լուրջ խնդիրներ կան: Մեր պահանջն է դադարեցնել ֆիզիկական հաշվեհարդարն ու սպառնալիքները եզդիների նկատմամբ»,- ասում է Թամոյանը։

Իրաքի արաբական հատվածում ազգային հողի վրա սպանություններ տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ։ Վերջին սպանությունը տեղի է ունեցել չորս օր առաջ՝ Մոսուլ քաղաքի համալսարանում:  Սպանել են եզդի ուսանողի, որից հետո, ըստ Թամոյանի, 1200  ուսանողներ վախից ստիպված են եղել լքել  համալսարանը: Իրաքյան սահմանադրության համաձայն՝  եզդիները չեն կարող դատարանում հանդես գալ որպես հանցագործության վկա, նրանք կարող են լինել միայն դատվողի դերում: Պատճառն այն է, որ  վկայի դերում կարող է հանդես գալ  նա, ով  երդվել է Ղուրանի վրա:  Ի դեպ՝ իրաքյան օրենսդրությունը չի ճանաչում ազգային փոքրամասնություն եզրույթը: Այստեղ կան միայն կրոնական փոքրամասնություններ, որոնց թվում նաև եզդի ազգաբնակչությունն է, ասում է Բորիս Թամոյանը։

Եզդիները իրավունքների պաշտպանության խնդիր ունեն նաև Հայաստանում: Խնդիրն առնչվում է հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը։ «Հասկանալի է, որ պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր  հայազգի քաղաքացիները իրազեկ լինեն իրենց կրոնին, բայց այս դեպքում խախտվում է եզդի երեխաների կրոնական իրավունքը»,- ասում է «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահը։

Հայաստանում, Իրաքում, թե աշխարհի որևէ այլ հատվածում  ոտնահարվող իրենց իրավունքների մասին եզդիներն այսուհետ կարող են բարձրաձայնել ու ահազանգել նաև  dengeezdia.com ինտերնետային կայքի միջոցով, որը Հայաստանում ստեղծված առաջին եզդիական կայքն է։

Ցուցադրել ավելի
Back to top button