Քաղաքական

Թեկուզ անխախտ, սակայն ազատ. «Կոմերսանտը» Եվրասիական միության մասին

Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի աշխատանքային տարբերակին է այսօր անդրադարձել ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Եթե Ռուսաստանին, որը հիմնական տեքստը պատրաստողն է, ավելի շատ հետաքրքրում են կազմակերպական հարցերը, ապա Ղազախստանին, ու հատկապես Բելառուսին հետաքրքրում է միության ներսում ազատ առեւտրի հարցը, գրում է թերթը։

Ըստ «Կոմերսանտի» տեղեկությունների՝ միության ներսում տնտեսական ազատությունների ջատագով է հանդես գալիս Բելառուսը։ Այս երկիրն առաջարկում է հնարավորինս հանել Մաքսային միության ներսում գոյություն ունեցող պատնեշները, իսկ գործընկեր երկրները դեմ են այս գաղափարին։

Բացի դրանից՝ Բելառուսն առաջարկում է պատասխանատվության մեխանիզմներ սահմանել միասնական մաքսատուրքերի կարգավորման խախտման համար, սահմանել արգելքներ եւ սահմանափակումներ արտաքին առեւտրի ոլորտում։ Ռուսաստանն ու Ղազախստանը այս առաջարկները չեն ընդունում։

Ղազախստանն իր հերթին պահանջում է, որ պայմանագրում ամրագրվի միությունից ազատ դուրս գալու իրավունքը, որը նախնական նախագծում նախատեսված չէր, իսկ այժմ էլ առաջարկում է կազմակերպության կենտրոնակայանը տեղակայել ոչ թե Մոսկվայում, այլ՝ Աստանայում։
Մոսկվան առաջարկում է ամրագրել դրույթ, որը կազմակերպությունը կորակի որպես միջազգային իրավունքի օբյեկտ եւ կբացառել միության միջազգային իրավասուբյեկտ լինելու  միջազգային կազմակերպության դրույթը։ Ռուսաստանը նաեւ հստակ ամրագրում է միության բյուջեի ձեւավորման կարգը՝ առաջարկելով այն ձեւավորել կողմերի՝ ներկրման մաքսավճարներից համամասնական մուտքագրումով։ Սիության դատարանն առաջարկում է ֆինանսավորել կողմերի նշանակած դատավորների համամասնությամբ։

Փաստաթուղթը դեկտեմբերի ներկայացնելու մասին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները պայմանավորվել էին երկու ամիս առաջ կայացած հանդիպման ժամանակ։ Փաստաթղթի համաձայն՝ միության օրգաններ են համարվում բարձրագույն խորհուրդը, միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական միության դատարանը։ Բարձրագույն խորհուրդը կազմված է անդամ երկրների նախագահներից, միջկառավարական խորհուրդը՝ կառավարության ղեկավարներից։

Պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2014 թվականի մայիսի, իսկ միությունը պետք է գործի 2015- ի հունվարի 1- ին։

Ցուցադրել ավելի
Back to top button