ԿարևորՔաղաքական

Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը վաղը՝ Կիեւում. Իրաքի եւ ՀՀ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով մեր երկրում է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Այսօր կայացած բանակցություններից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։

Վերջին տարիների ընթացքում հայ- իրաքյան հարաբերությունները ակտիվ զարգանում են ինչպես միջպետական, այնպես էլ տնտեսական դաշտում: Ամփոփելով կայացած բանակցությունները՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց երկկողմ փոխգործակցության ներկա մակարդակից՝ հույս հայտնելով, որ իրաքցի  գորրծընկերոջ այցը  նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։

 

Ի դեպ՝ անցյալ տարի երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 36 մլն դոլար: Նախարարները ստորագրեցին Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, ըստ Էդվարդ Նալբանդյանի, թույլ կտա երկու երկրներին տարբեր միջազգային կազմակերպություններում համադրել մոտեցումները։

Դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և  տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման, Իրաքում կայունության և անվտանգության ապահովման, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովի կազմակերպման հարցերը։ Ըստ Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի՝ «Ժնև-2» համաժողովի կարիքը առկա է՝ խնդրի քաղաքական լուծման հասնելու դիտանկյունից, որը պետք է առաջին հերթին բավարարի սիրիական ժողովրդին։

«Մենք սատարում ենք խաղաղության այս համաժողովի անցկացումը հաջորդ տարվա հուվարի 22-ին: Ելնելով հակամարտության կողմերի հետ մեր շփումներից կարող ենք փաստել, որ երկուստեք կա պատրաստակամություն: Ոչ բոլոր ընդդիմադիր խմբերն են ցանկանում մասնակցել համաժողովին, բայց հիմնականը, որը ներկայացնում է սիրիական ժողվրդի հավակնությունները, կմասնակցի «Ժնև-2»- ին: Սա միակ հնարավոր լուծումն է արդեն 3 տարի տեղի ունեցող շարունակական սպանությունների: Շատ հավանական է, որ Իրաքը նույնպես կմասնակցի համաժողովին»,- ասաց իրաքցի նախարարը։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ վաղը Կիևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այն կհաջորդի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած երկու երկրների նախագահների կառուցողական հանդիպմանը, որի արդոյունքում արտգործնախարարներին հանձնարարվեց օգտագործել առաջին հնարավորությունը՝ հանդիպելու և շարունակելու բանակցությունները ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Անդրադառնալով նախագահների միջև հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ մինչ այդ վերջին հանդիպումը կայացել էր 2012 թվականի հունվարին։

Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը առաջին հարմար առիթն է Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար, նշեց Նալբանդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button