Հասարակություն

ՄԱԿ- ում ներկայացվեցին հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե  մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի առթիվ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Ցուցահանդեսին ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստել են հաշմանդամություն ունեցող երեխաները և հենց իրենք էլ սահմանել են իրենց աշխատանքների գինը: Ավելի քան 70 ձեռքի աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ են եկել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաների աշխատանքները:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր կարելի էր տեսնել ասեղնագործության, խեցեգործության, կերամիկայի, փայտի փորագրության, բատիկայի և նկարչության ավելի քան 70 ձեռքի աշխատանքներ: Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ ձեռքի աշխատանքները պատկանում են հաշմանդամություն ունեցող երեխաներին, և ցուցահանդեսի նպատակն էլ դա է. ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը:

Նախաձեռնությունը Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությանն է` միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական հմտությունները զարգացնելուն և գեղարվեստական ներուժն արտահայտելուն: Կարևորելով այս նախաձեռնությունը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նկատեց, որ հավասար իրավունքներ ունեն բոլոր երեխաները, հետևաբար հաշմանդամություն ունեցող երեխաները ևս պետք է լիքարժեք օգտվեն իրենց իրավունքներից։

20-ամյա Նոնան ցուցահանդեսին ներկայացված իր աշխատանքներից կարելի է ասել չէր հեռանում, թեև ուշադիր ուսումնասիրում էր նաև մյուս մասնակիցների աշխատանքները: «Ռադիոլուրի» հետ զրույցում խոստովանեց, որ բացի նկարչությունից նաև սպորտով է զբաղվում, մասնավորապես՝ լողով և նույնիսկ մեդալներ ունի: Այսօր սակայն Նոնան ցուցադում էր իր նկարչական հմտությունները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին բոլոր աշխատանքներն էլ դուր են եկել, բայց ամենից շատ տպավորվել են բատիկայի աշխատանքները։ Այսպիսով` որևէ երկիր չի կարող ժողովրդավար համարվել, քանի դեռ  նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու և հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ:

Ի վերջո՝ հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե  մարդկանց համար ստեղծված են բոլոր պայմանները` արժանապատիվ կյանքով ապրելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button