ԿարևորՔաղաքական

ԻԻՀ դեսպան. Լարվածության թուլացումը կնպաստի հայ- իրանական տնտեսական հարաբերություններին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Իրանի նկատմամաբ պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը, ինչն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա, այսօր հայտարարել է ՀՀ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/12/031213Iran.mp3

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում կայացած Իրանի եւ «վեցյակի» բանկցությունները, ինչպես հայտնի է, ավարտվեցին դրական հանգուցալուծմամբ: «Մենք համաձայնության եկենք»,- թվիթերյան  իր էջում  գրել էր  Իրանի արտգործնախարար   Ջավադ Զարիֆը: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Իրանին հասանելի կլինեն իր մի քանի միլիարդ դոլար ակտիվները, որոնք  ավելի վաղ սառեցվել էին միջազգային պատժամիջոցների կիրառման հետևանքով:

Ժնևյան բանակցությունների արդյունքում  հստակեցվեց նաև Իրանի կողմից ուրանի հարստացման չափը։ Նկատենք, որ  Իրանը տասը տարի շարունակ անտեսում էր   ուրանի հարստացումը դադարեցնելու թե քաղաքական, թե տնտեսական ճնշումները: «Իրանն սկզբունքորեն  դեմ է զանգվածային  ոչնչացամ ցանկացած զենքի, այդ թվում նաև  միջուկային: Մեր  նպատակն է զարգացնել միայն խաղաղ միջուկային ծրագիր»,- այսօր հայտարարեց Հյաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ նկատելով, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը, ինչն էլ, անկասկած, իր դրական ազդեցությունը կունենա հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա։

«Հայաստանի հետ մեր որոշ պայմանավորվածությունների հետաձգումը պայմանավորված են եղել միջազգային պատժամիջոցների արդյունքում ստեղծված ֆինանսական խնդիրներով: Չնայած դրան՝ բարեկամ Հայաստանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է:  Իրանի կառավարության աջակցությամբ Ագարակ քաղաքում և հարևան շրջաններում իրականացվում է գազիֆիկացման ծրագիր:  Ֆինանսական խնդիրները կարգավորելուց անմիջապես հետո  կշարուանակվի նաև Մեղրիի ՀԷԿ-ի խոշորածավալ ծրագիրը»,- հայտնեց նախարարը։

Հայ- իրանական երկաթուղին ևս կարող է իրականություն դառնալ, եթե հայկական կողմը կարողանա միջոցներ գտնել երկաթուղու Հայաստանի տարածքով անցնող հատվածը կառուցելու համար: Ջուղայից Մեղրի հատվածի շինարարությունը պատրաստ է իրականացնել Իրանի կառավարությունը պետական բյուջեի միջոցներով:  Մոհամմադ Ռեյիսին ողջունեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացումը՝ նկատելով, որ երկուսն էլ Իրանի բարեկամ երկրներն են:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ Իրանին ներկայացվող տարածքային պահնաջներին՝ Ռեյիսին նշեց, որ «այդ հավակնությունները հիմք չունեն, որովհետև Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականին: Ադրբեջանը Հայաստանին ևս տարածքային պահանջներ է ներկայացնում: Բայց նման բան անելու համար նախ պետք է հիմքեր ունենաս»։

Անդրադառնալով Իրանից Հայաստան ներկրվող գազին ու դրա ծավալների ավելացման հնարավորությանը վերաբերող հարցին, դեսպանը նշեց, որ  Հայաստանին այսօր գազ է տրամադրվում էլետրաէներգիայի դիմաց, ինչ վերաբերում է ներկրման ծավալների ավելացմանը, ապա դա , ըստ նրա, կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից. որքանով վերջինները կցանկանան համագործակցել Իրանի հետ էներգետիկ ոլորտում:

Այսպես թե այնպես ժնևյան բանակցություններում համաձայնությունից հետո հայ- իրանական տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան: Դեսպանն այս հարցում տարակարծությունների առիթ չի տեսնում։

Ցուցադրել ավելի
Back to top button