Հասարակություն

Ձմեռային զորակոչը մեկնարկեց. առաջին նիստը անցկացրեց նաեւ բողոքների քննարկման հանձնաժողովը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկեց ձմեռային զորակոչը: Այն կտևի մինչև գալիք տարվա հունվարի 31- ը: Այս ընթացքում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը, որն այսօր գումարել էր իր առաջին նիստը։

Արդեն 9-րդ զորակոչն է, ինչ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է այս հատուկ հանձնաժողովը։ Արդեն իսկ ստացվել է 11 դիմում, հայտնեց հանձնաժողովի նախագահ,  պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը։

Նախորդ զորակոչի ընթացքում հանձնաժողովը ստացել է 152 դիմում-բողոք, որոնցից քննարկվել է 146-ը: Դրանից 50-ի մասով զորակոչային մարմինների որոշումները համարվել են հիմնավոր, ինչը պարզաբանվել է դիմողներին: Ընթացք էր տրվել 96 դիմումներին, որոնցից 41-ը բավարարվել էր: Այս պարագայում 30  բավարարված դիմում վերաբերվում էր զորակոչիկների առողջական վիճակին:

Դիմումների համակողմանի և արդյունավետ քննարկումները ցույց են տվել, որ բողոքարկման այս մեխանիզմը լիովին արդարացրել է իրեն և արդեն 5-րդ տարին ձևավորվում է համապատասխան հանձնաժողովը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ Գեղամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այս զորակոչին ևս հանձնաժողովը կգործի պատշաճ մակարդակով՝ օրինականության և թափանցիկության ապահովմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button