Հասարակություն

ՀՀ եւ ՌԴ նախագահներն այցելել են ռուսական ռազմակայան

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ:

102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:

Գյումրիից ՀՀ և ՌԴ նախագահները մեկնել են Երևան, որտեղ մեկնարկել են ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում նախատեսված պաշտոնական մյուս միջոցառումները:

Ցուցադրել ավելի
Back to top button