Միջազգային

Ուկրաինայի ոստիկանությունը ցրել է Կիեւի Անկախության հրապարկում եվրաինգտերման կողմնակիցների ցույցը

Լուսաբացին ուկրաինական ոստիկանությունը ցրել է Անկախության հրապարակում՝ մայդանում, հավաքված հարյուրավոր ցուցարարներին։ Ակտիվիստները հաղորդում են, որ բողոքի մասնակիցներին իրավապահները ծեծել են մահակներով, սակայն,  ըստ պաշտոնական աղբյուրների, տուժածներ չկան։ Ցույցի կազմակերպիչներից մեկի՝ Սերգեյ Միլնիչենկոյի խոսքերով՝ ոստիկանությունը նաեւ արցունքաբեր գազ է օգտագործել։ «Ինտերֆաքսը» Կիեւի ոստիկանությանը հղում տալով հայտնում է, որ ցույցը ցրվել է եվրաինտեգրման կողմնակիցների եւ  իրավապահների միջեւ «մի շարք միջադեպերից ու բախումներից» հետո։ Այժմ մայդանը անցել է ոստիկանության «Բերկուտ» հատուկ ջոկատայինների հսկողության տակ։

Նոյեմբերի 29- ի երեկոյան Անկախության հրապարակում անցկացվել է բողոքի ակցիա եվրաինտեգրման հազարավոր մասնակիցների մասնակցությամբ, որոնք պահանջում էին Յանուկովիչի հրաժարականը։ Ընդունվել էր բանաձեւ դեկտեմբերի 1- ին համազգային հավաք՝ նարոդնոյե վեչե հրավիրել՝ հետագա քայլերը հստակեցնելու համար։

Մինչ այդ՝ Կիեւում բազմահազարանոց հանրահավաք էին անցկացնում նախագահ Յանուկովիչի կողմնակիցները, որը հեռարձակվում էր ազգային առաջին հեռուստակայանով։ Ըստ տեղական ԶԼՄ- ների՝ այդ հանրահավաքի մասնակիցներին բերել էին ավտոբուսներով Ուկրաինայի տարբեր վայրերից։

 

Ցուցադրել ավելի
Back to top button