Հասարակություն

Որպեսզի մարդիկ իրենց գիտելիքին, գրագիտությանն ու բարեխղճությանը համարժեք պաշտոններ զբաղեցնեն

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն ու Պետական ծառայողների միությունն այսօր ներկայացրել են   «Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի արդյունքները: Այն   իրականցվել է ԵԱՀԿ երևանյան գրասնեյակի աջակցությամբ և  ընթացել  երկու՝ պետական մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողների ու դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում  և քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների մրցությանին գործընթացի արդիականացում ու նոր թեսթերի մշակում բաղադրիչներով։

Մեր երկրի  հիմնը «Ազատ հայրենիքն» է , Հայատանի Հանրապետությունն ունի 15 մարզ, օրենսդիր իշխանությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը, 92թ.-ին Հայաստանն անդամակցել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, էլեկտրոնային փոստն աշխատում է արկղերում, որոնք գտնվում են փոտային բաժանմունքերում. սրանք քաղվածքներ են թեսթերի պատասխաններից, որոնք հանձնել են քաղծառայության համակարգում աշխատելու  հավակնություն ունեցողները։ Իսկ համակարգում աշխատանքը սկսելու առաջին աստիճանը կրտսեր պաշտնյայինն է։ «Սա այն պատկերն է, որը մենք ունենք շեմը  չհաղթահարողների մոտ։ Եթե մարդիկ այս պատասխաններն են տալիս, ուրեմն մեր ընտրած ճանապարհը ճիշտ է: Բայց  նաև ձեր աջակցությունն ենք ակնկալում, քանի որ կա դիմադրություն, կա այն հատվածը, որը շարունակում է պնդել՝ իսկ ինչո՞ւ պետք է իմանանք»,- ասում է Քաղաքացիական ծառայության խորհրդի գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը։

Քաղծառայության համակարգում կրտսեր պաշտոնների համար ներդրվել են նոր թեսթեր: Մինչեւ դրանք  հարցաշարում միայն Սահմանադրությանը  և Քաղծառայության օրենքին  վերաբերող հարցերն էին: Այժմ ավելացել են   հարցեր  հայերենից, պատմությունից ու  համակարգչային հմտությունների  ոլորտից:  Հարցերը ոչ թե գիտական ու մասնագիտական,   այլ ընդամենը հանրակրթական ծրագրային շեմի  են պահանջում: Նոր թեսթերը, որոնք  շրջանառության մեջ են արդեն մի քանի ամիս,  մշակվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված  ծրագրի շրջանակում, կան նաև արդյուքներ, որոնցով հնարավոր է համեմատություն անել նախորդ և նոր թեսթերով անցկացված մրցույթների միջև։ Առաջին փուլում 344 դիմորդից թեսթը  հաղթահարել է 31-ը, երկրորդ փուլում ՝ 358 դիմորդից՝ 37- ը։ «Երկու փուլերի արդյունքում համոզվել ենք, որ մեծ տարբերություններ չկան դիմորդների քանակի և փուլը հաղթահարողների թվերի միջև, բայց կա  մեկ այլ արդյունք. չհաղթահարողները թեսթավորման դահլիճը լքում են գլխիկոր։ Թերևս այն դեպքն է, երբ մարդը գլխավոր մեղավոր համարում է միայն իրեն»,- ասում է Գեղամ Սարգսյանը։

Նոր թեսթերի մշակմամբ դրվել է նոր խնդիր՝ նպաստել  ավելի գրագետ, բանիմաց ու  ինտելեկտուալ  մարդկանց մուտքը  քաղծառայության համակարգ, ասում է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Նաև նշում է, որ մրցութային գործընթացի վերափոխում հաջորդ փուլում սպասվում է նաև մյուս  պաշտոններին։ «Մենք սկսեցինք կրտսերից: Մուտքը որակյալ մարդկանցով ենք փորձում ապահովել, բայց նույն մոդելը կարծում եմ պետք է կիրառել, որպեսզի մարդիկ իրենց գիտելիքի, իրենց գրագիտությանն ու բարեխղճությանը համարժեք պաշտոններ զբաղեցնեն»,- ասում է Մանվել Բադալյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button