ԿարևորՏնտեսական

Միջմարզային տրանսպորտի սակագների բարձրացման հայտեր չկան. նման մի հայտ մերժվել է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Արդեն մի քանի ամիս է, ինչ մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող ընկերությունները հայտարարում են, որ Երևանում պետք է բարձրանա ուղևորախոխադրման սակագինը: Կկատարվի՞  ի վերջո նրանց ցանկությունը,  թե ոչ, կորոշի Երևանի քաղաքապետարանը:  Միջմարզային երթուղիների ուղևորափոխադրման սակագնի  փոփոխության մասին բարեբախտաբար դեռ  նոր հայտեր չկան: Տեղեկացնենք, որ ուղևորափոխադրող և ոչ մի ընկերություն  չի կարող ինքնագործունեությամբ զբաղվել, ինքնակամ բարձրացնել ուղեւորափոխադրման սակագինը:

Սակագների սահմանման եւ փոփոխման հարցը կարգավորվում է «Տրանսպորտի մասին» օրենքով եւ ՀՀ կառավարության թիվ 762 որոշմամբ:   Ուղեւորափոխադրման սակագինը որոշվում է երթուղու սպասարկման իրավունքի տրման հետ միաժամանակ: Փոխադրողն ինքն է որոշում երթուղու գինը, ու երբ փոխադրողը հաղթող է ճանաչվում տվյալ երթուղու համար մրցույթում, այդ ժամանակ էլ հրապարակվում է երթուղու համար նախօրոք որոշված գինը: Եթե փոխադրողը որոշում է սակագինը փոփոխել, ապա պետք է դիմի երթուղային ցանց ձևավորող  համապատասխան պետական մարմնին:

Մարզային երթուղիների դեպքում խնդիրը կարգավորում է տրանսպորտի ու կապի նախարարությունը, որի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նախարարության իրավասության տակ է գտնվում միջմարզային և միջպետական 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ։ Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝  միջմարզային ուղևորափոխադրող նոր  ընկերություններ տրանսպորտի սակագնի վերանայման խնդրանքով իրենց չեն դիմել: Պաշտոնյան նշում  է, որ ոչ բոլոր հայտերն են  դրական պատասխան ստանում՝ որպես օրինակ ներկայացնելով նախարարության կողմից մերժված երկու հայտերը։«Մեկի դեպքում հայտը ներկայացնելուց երկու օր հետո փոխադրողը այն հետ վերցրեց, իսկ մյուսը միրցութային հանձնաժողովն ուսումնասիրեց և գտավ, որ սակագնի բարձրացումը հիմնավոր չէ, համախապատսխան առաջարկությամբ դիմեց տրանսպորտի ու կապի նախարարին ու խնդրեց թույլ չտալ և ուժի մեջ թողնել հին փոխադրավարձը»,- ասում է Մելքոնյանը։

Հիշեցնեմ, որ ուղեվարձի թանկացման հայտերից մեկը Գեղարքունիքի մարզին էր վերաբերում, մյուսը՝ Արագածոտնի: Եթե ուղևորափոխադրող որևէ ընկերություն առանց համապատասխան ընթացակարգի ուղեվարձի սակագնի փոփոխություն կատարի, ապա նախազգուշացվելուց և վարչական պատասխանատվության ենթրակվելուց հետո կարող է նաև զրկվել երթուղու սպասարկման իրավունքից:

Տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը վստահեցրեց, որ հայկական իրականությունում լինում են նաև դեպքեր, երբ մարզային երթուղիներ սպասարկող որոշ ընկերություններ զրկվել են սպասարկման իրավունքից, թեեւ պատճառը  սակագնի փոփոխությունները  չեն  եղել։ «Տրանսպորտային տեսչությունը խախտում է  արձանագրել,  ժամանակ է տրվել, վարչական պատասխանատվության են ենթարկվել, 15-օրյա ընթացքում այն չի վերացվել, մրթուցային հանձնաժողովը քննարկել է, խնդրել է տրանսպորտի ու կապին նախարարին՝ զրկել տվյալ փոխադրողին։ Զրկել ենք, հայտարարել ենք նոր մրցույթ, նոր փոխադրող է եկել, որևէ խնդիր չկա»,- ասում է։

Զրուցակիցս, ի դեպ, չի կիսում այն կարծիքը, որ միջմարզային ուղևորափոխադրման դաշտն էլ է մենաշնորհային, չնայած այն իրականությանը, որ մի շարք երթուղիներում  տասնյակ տարիներ մրցույթները նույն ընկերություններն են շահում։

Ցուցադրել ավելի
Back to top button