Քաղաքական

Հնչակները կհամագործակցեն, կոմունիստները՝ կմնան ընդդիմադիր

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նախօրեին կայացած  ՍԴՀԿ 9-րդ համագումարում  որոշվել է  վարչության ատենապետ ընտրել Նարեկ Գալստյանին։ Վերջինս 2012-13 թվականներին եղել  է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականը: Այսօր հրավիրված ասուլիսում ՍԴՀԿ նոր ատենապետը տեղեկացրեց, որ երկու պաշտոնների համատեղումը պարզապես հակասում է կուսակցության կանոնադրությանը և շահերի բախում կառաջացներ, հետևաբար, նա վարչապետի խորհրդականի պաշտոնից ազավելու դիմում է ներկայացրել։

Նորընտիր ատենապետն այսօր լրագրողներին ներկայացրեց կուսակցության առաջիկա անելիքները:  Ըստ նրա՝ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ խնդիրներ չլինեն և ՍԴՀԿ-ն պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, որոնց հետ գաղափարական տարաձայնություններ չունեն։ Չեն համագործակցի այն կազմակերպությունների կամ քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ՍԴՀԿ-ն ունի գաղափարական հակասություն։

«Կուսակցությունը նման փորձ ունի, երբ 2007-2008 թվականներին միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը, սակայն 2009-ին, տեսնելով գաղափարական ահռելի հակասությունը, դուրս եկավ այն ժամանակ արդեն գործող Հայ ազգային կոնգրեսից»,- ասաց։

Ընդդիմադիրչ կուսակցություների շարքում են իրենց տեսնում Հայաստանի կոմունիստները, լրագրողներին այսօր տեղեկացրեց Հայսատանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար  Տաճատ Սարգսյանը։ Նա խանդավառված գովերգում էր Ռուսաստանն ու նախկին Խորհրդային Միությունը, պահանջում, որ նոյեմբերի 29-ը՝ ՀՀ խորհրդայնացման օրը, նշեն որպես երկրորդ հանրապետության օր։

Իսկ արդյո՞ք վտանգավոր չէ մի երկրի հետ մտնել միության մեջ, որը ՀՀ-ի ռազմավարական գործընկերը լինելով՝ զենք է վաճառում մեր թշնամուն, շահարկելով ղարաբաղյան հիմնախնդիրը՝ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա։ «Հայաստանը եղել է, կա և պիտի լինի ռուսների հետ։ Խնդրում եմ, դուք հանգիստ քնեք, քանի որ ՀՀ սահմանները հուսալի ձեռքերում են՝ ի դեմս Ռուսաստանի և Մաքսային Միություն մտած մյուս երկրների»,- ասում է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button