Քաղաքական

ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը չի ընդունում, որ ՆԱՏՕ- ի հետ կա մրցակցություն

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀԱՊԿ ինստիտուտը Հայաստանում գործում է արդեն 5 տարի: Հաստատությունն իր գործունեությունն սկսել է որպես ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն: Կառույցի գործունեության 5-ամյակի առթիվ հանդիպելով լրագրողների հետ` ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանն այսօր ամփոփել է հաստատության գործունեության արդյունքները, խոսել հետագա ծրագրերի մասին:

Դեռեւս 5 տարի առաջ ՀԱՊԿ գործունեության մասին տարածվող ցանկացած տեղեկատվություն նոր հարցեր էր առաջացնում հասարակության շրջանում: Հասարակական պահանջից էլ ծնվեց ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության հասարակական կենտրոն ստեղծելու գաղափարը: 2008 թ.-ի փետրվարի 28-ին գաղափարն առարկայական տեսք ստացավ` Երեւանում բացվեց ԱՊՀ տարածքում ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի առաջին մասնաճյուղը:

Կառույցի խնդիրն էր Հայաստանի պետական մարմիններին եւ հանրությանը տեղեկացնել ՀԱՊԿ-ի գործունեության, նպատակների ու խնդիրների մասին։ ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանի փոխանցմամբ` 2009-ից արդեն գործում են որպես ինստիտուտ: Այսինքն` ՀԱՊԿ շրջանակներում կատարվող տեղեկատվական-վերլուծական աշխատանքները բարձրացվեցին գիտական մակարդակի` համագործակցելով Հայաստանի եւ ԱՊՀ երկրների գիտակրթական հաստատությունների հետ: Կատարվող գիտական աշխատանքները, տարբեր թեմաների շուրջ վերլուծությունները ներկայացվել են միջազգային գիտական կոնֆերանսների կազմակերպմամբ: Աշխարհաքաղաքական եւ այլ թեմաներով ի մի բերված վերլուծությունները նաեւ ներկայացվել են ՀԱՊԿ ղեկավարությանը եւ, ինչպես տեղեկացրեց ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը, դրանք ինչ-որ կերպ հաշվի են առնվել ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշումներ կայացնելիս։

Ակտիվ համագործակցության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նաեւ ունենալ գիտակրթական ծրագրեր, նշեց Նվեր Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ դա հաշվի առնելով նպատակ կա արդեն ստեղծելու մի նոր կառույց` ՀԱՊԿ ակադեմիա, որը եւ կզբաղվի գիտական ու կրթական ծրագրերի իրականացմամբ: Առաջարկն արդեն իսկ ներկայացվել է ՀԱՊԿ ղեկավարությանը: Այն արժանացել է հավանության, իսկ այս տարվա հունվարին Երեւանում արդեն այդ մասին հուշագիր է ստորագրվել:

Հայաստանն այսօր անդամակցում եւ սերտորեն համագործակցում է ՀԱՊԿ շրջաննակներում, միաժամանակ` ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում: Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ ՀԱՊԿ-ՆԱՏՕ մրցակցության համատեքստում ինչպես է ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը պատկերացնում երկու ուղղություններով աշխատելու Հայաստանի հնարավորությունները: Արձագանքելով այս դիտարկմանը` Նվեր Թորոսյանը նախ ասաց, թե համաձայն չէ տեսակետի հետ, որ ՀԱՊԿ-ՆԱՏՕ մրցակցություն գոյություն ունի: Համագործակցություն չկա, բայց չկա նաեւ մրցակցություն, ձեւակերպեց բանախոսը։

Բանախոսը նաեւ հավելեց, թե հակառակը` իրենց կազմակերպած գիտաժողովներին, օրինակ, մասնակցել են նաեւ փորձագետներ ՆԱՏՕ-ից եւ որեւէ խնդիր չի առաջացել: Նրա խոսքով` հակառակը՝  աշխարհում շատ խնդիրներ, ասենք անվտանգության, խաղաղության հաստատումը եւ ահաբեկչության դեմ պայքարը, ընդգրկված են երկու կառույցների կանոնադրություններում էլ` խնդիրների առաջնահերթությունների շարքում են, հետեւաբար՝  ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենի կարծիքով, առաջիկայում առավել շատ կլինեն համագործակցության եզրերը։

Ցուցադրել ավելի
Back to top button