Հասարակություն

Համաճարակի հակազդման զգալի նվաճումներ է նկատում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 1-ն օրացույցում հատուկ չի նշվում, բայց միոլիոնավոր մարդկանց համար, որոնց կյանք է ներխուժել  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այդ օրն առանձնահատուկ խորհուրդ ունի: 1988 թվականից դեկտեմբերի 1-ն աշխարհում նշվում է իբրև ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 


ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ը հազարամյակի հիմնական մարտահրավերներից է, որը լուրջ խնդիր է նաև Հայաստանի համար: Մեր պետությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ առաջին ազգային ծրագիրը հաստատեց 2002 թվականին: Անդրադառնալով ավելի քանի 10 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին` առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նկատեց, որ համաճարակին հակազդման գործում Հայաստանը գրանցել է զգալի նվաճումներ: Մասնավորապես՝ «
Ներկայում բոլոր բուժման կարիք ունեցողները (573 հիվանդ) ստանում է հակառետրովիրուսային բուժում, բացի դրանից՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ է, որ 2007 թվականից այդպիսի կանխարգելում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել»։

2001 թվականից հետո մինչ օրս հանրապետությունում չի գրանցվել նաև դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք, ասաց Սամվել Գրիգորյանը: Նա նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է 2013-16 թթ Հայաստանում վարակի կանխարգելման 3-րդ ազգային ծրագիրը: Նշենք, որ ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Այդ ժամանակվանից մինչև 2013 թ. նոյեմբերի 29-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք, որոնցից 228-ը միայն 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ, իսկ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է 205 դեպք:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները: ՄԻԱՎ վարակի 30 դեպք էլ արձանագրվել է երեխաների մոտ: Սամվել Գրիգորյանի տեղեկացմամբ` ՄԻԱՎ-ով վարակվածների 55 տոկոսը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: ՀՀ-ում ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ Սամվել Գրիգորյանը մեկնաբանեց նաև «Արմենիկումի» արգելված լինելու մասին տեղեկությունը: Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե «Արմենիկումը» բուժիչ չի կարող լինել, աշխարհում արգելված է դրա օգտագործումը։ «Արմենիկում դեղը գրանցված է ՀՀ-ում 1999 թվականից: Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Մինչ օրս դեղը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների բուժման համար, անվտանգությունն ու արդյունավետությունը դեղի ապացուցված է: Դեղի կիրառման ողջ ժամանակաշրջանում մահվան ելքով ոչ  մի դեպք չի գրանցվել և որևէ  երկրում նման արգելք գոյություն չունի»,- նկատեց Սամվել Գրիգորյանը։

Իրազեկվածության պակասը, ի դեպ, վերաբերում է ոչ միայն բուժմանը, այլև՝ հետազոտմանը: Հայաստանի քաղաքացիների մոտ դեռևս լուրջ խնդիր է հետազոտման չգնալու արմատացած կարծրատիպը: Շատերը դիմում են հետազոտման արդեն լուրջ գանգատներ ունենալուց հետո: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը կոչով դիմեց մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք չխուսափեն հետազոտվելուց, առավել ևս, երբ հետազոտումն անվճար է, իսկ անձի գաղտնիությունը երաշխավորված։

Ցուցադրել ավելի
Back to top button