Հասարակություն

Փոխադրող ընկերություններն սպասում են թանկացման ու սպառնում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ուղեւորափոխադրողների վիճակն այսօր արդեն անհուսալի է, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ այսպիսի ահազանգ է հնչեցրել Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով` փոխադրողներն առաջիկա ձմռան նախապատրաստական աշխատանքներն այլեւս  չեն կարողանում իրականացնել` միջոցների բացակայության պատճառով  եւ եթե քաղաքապետարանը միջոցներ չձեռնարկի եւ ուղեւորափոխադրումների գինը բարձրացնելու որոշում չընդունի, ապա վաղը- մյուս օրը ներքաղաքային տրանսպորտ չի լինի:

Փոխադրողների միությունը բաց նամակ էր հղել քաղաքապետարանին` խնդրելով ակտիվացնել համապատասխան հանձնաժողովի աշխատանքները եւ վերջնական որոշում ընդունել`  ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Փոխադրողների միության նախագահի խոսքով` նոր ուղեվարձ պետք է սահմանվի, քանի որ այսօրվա գներով աշխատելը մահ է նշանակում իրենց համար:

Փոխադրողները, սակայն, մահ չեն ուզում, այլ` աշխատել ու շահույթ ստանալ: Դրա համար ակնկալում են, որ քաղաքապետարանն արագ լուծում կտա ուղեւորավարձի խնդրին: Քաղաքապետարանից էլ չեն շտապում պատասխանել փոխադրողների նամակին` նշելով, որ վերջիններիս գրած նամակին պատասխանելու ժամանակ դեռ կա: Հրանտ Եղիազարյանի խոսքով` քաղաքապետարանի նման վերաբերմունքն իրենց համար անընդունելի է: Իրենք էլ շատ անհանգստացած են, քանի որ, Փոխադրողների միության նախագահի ձեւակերպմամբ,  իրենք տպավորություն ունեն, որ քաղաքապետարանը ուղեւարձը բարձրացնելու ցանկություն չունի.

Փոխադրողները ցանկանում են, որ ուղեւարձը դառնա 150 դրամ, իսկ 50 դրամ էլ դոտացիա հատկացնի քաղաքապետարանը, ինչպես Հրանտ Եղիազարյանը ձեւակերպեց, իրենց ափսեում տեղավորվելու համար` այսինքն` ձմեռվա նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: Իրենց հաշվարկներուվ` 580 հազար դրամ անհրաժեշտ է մեկ ավտոբուս, իսկ շուրջ 400 հազար դրամ` մեկ միկրոավտոբուս ձմեռվան նախապատրաստելու համար։ Ընդ որում, ըստ փոխադրոողների, դա նվազագույն հաշվարկն է:

Փոխադրողները չեն ցանկանում ուղեւորների թշնամին դառնալ, միաժամանակ` չեն կարող 100 դրամով շարունակել աշխատել ու զգուշացնում կամ սպառնում են. «Եթե քաղաքապետարանը միջոցներ չձեռնարկի՝ հետեւանքները շատ վատ են լինելու»։

Back to top button