Տնտեսական

Երեւանի եւ Մոսկվայի համագործակցության հեռանկարները քննարկվել են գործարար համաժողովում

Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում կազմակերպված գործարար համաժողովի շրջանակում ներկայացվել են երկու մայրաքաղաքների զարգացման հիմնական ուղղություններն ու քննարկվել Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված 2014- 2016 թվականների համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ և համաժողովի մոդերատոր Արմեն Հարությունյանն իր ելույթում ընդգծել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված հարաբերությունները երկու մայրաքաղաքների քաղաքապետերի կողմից ստորագրված 2014-2016 թվականների համագործակցության նոր պայմանագրով կստանան նոր որակ, ինչն անշուշտ, կնպաստի առևտրատնտեսական ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի ակտիվացմանը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ներկայացնելով Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու որոշ առաջարկներ՝ Արմեն Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը հեռանկարային կարող է լինել գործարար կապերի էլ ավելի ակտիվացման և ընդլայնման տեսանկյունից:

Մոսկվայի առևտրատնտեսական պալատի փոխնախագահ Սուրեն Վարդանյանն իր հերթին կարևորել է Երևանի հետ գործարար կապերի խորացումն ու  համատեղ նոր ծրագրերի իրագործումը: Գործարար համաժողովի շրջանակում ներկայացվել են նաև Երևանի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու քննարկվել Երևան-Մոսկվա զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button