Տնտեսական

Արոտավայրերն անապատացումից պետք է փրկել, ասում է Հանրային խորհրդի անդամ գյուղատնտեսը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ստեղծվել է անհեթեթ իրավիճակ։ Մենք չենք կարողանում օգտագործել  մեր  արոտներն ու խոտհարքերը, գյուղում պահպանել աշխատատեղերը՝ ինքնաբերաբար նպաստելով նաև արտագաղթին: Փոխարենը՝ միլիոնավոր  դոլարներ ենք ծախսում արտերկրի  գյուղացուն աշխատանքով ապահովելու համար»,- ասում է Հանրային խորհրդի Գյուղատնտեսական և  բնապահպանական հարցերի  հանձնաժողովի անդամ, «Գյուղատնտեսության  մեքենայացման» ԳՀԻ փոխտնօրեն Ստյոպա Խոյեցյանը։

Պաշտոնական տվյալներով հանրապետությունում ունենք մոտ մեկ միլիոն հեկտար արոտ և 130 հազար հեկտար խոտհարք, որոնք կանգնած են անապատացման լուրջ վտանգի առջև։ «Գյուղամերձ արոտներն ու խոտհարքերը վերածվել են անապատի՝ գերծանրաբեռնված օգտագործելու և  ճմաշերտի խնամքի  իսպառ բացակայության պատճառով: Այնտեղ արդեն խոտ չի աճում: Նույն ճակատագիրն է սպասվում նաև հեռագնա արոտներին և  խոտհարքերին»,- ասում է գիտնականը։

Ստեղծված իրավիճակում Խոյեցյանն առաջարկում է շտապ  քայլեր ձեռնարկել  արոտների տարածքը  ընդարձակելու  և  նրանց բերքատվութունը բարձրացնելու համար: Ըստ  նրա՝ այդ աշխատանքները կարելի է կատարել «Գյուղատնտեսության մեքենայացման» գիտահետազոտական ինստիտուտում ստեղծված մեքենաների, ինչպես նաև գրանուլացված պարարտանյութի միջոցով,  սակայն նշվածները կյանքի կոչելու հարցում Գիտպետկոմի ու  գյուղնախարարության հետ ինստիտուտը ոչ մի կերպ համաձայնության հասնել չի կարողանում:

Խնդիրը լուծեու համար ինստիտուտը տարիներ շարունակ կառավարությունից խնդրում էր  40 հազար ԱՄՆ դոլար, ինչը ծրագրով հատկացված գումարի ընդամենը երկու տոկոսն է: Արոտների անապատացման  դեմ  պայքարի նպատակով Համաշխարհային բանկի կողմից տրամադրված  20 միլիոն ԱՄՆ դոլարը  նպատակային չի օգտագործվում, ասում է Ստյոպա Խոյեցյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button