ԿարևորՀասարակություն

Gallup. Մաքսային միությանը կողմ է հայաստանցիների 64 տոկոսը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանցիների 64%-ը դրական է վերաբերվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին, վկայում Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից հոկտեմբերին իրականացված հասարկական կարծիքի հետազոտության արդյունքները: Հայաստանցիների շուրջ 66 տոկոսը դրական է վերաբերվում Մաքսային միությանը։ Տվյալները հրապարակեց Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ հիմնվելով հոկտեմբերի 9-16 իրականացված հանրային հարցման արդյունքների վրա։

Ապրիլին իրականացված հարցման ժամանակ հայաստանցիների 67 տոկոսն է կողմ եղել Մաքսային միությանը անդամակցելուն: Առկա 3%-նոց նվազումը սոցիոլոգը պայմանավորեց սեպտեմբերի 3-ից հետո Մաքսային միությանը անդամակցության դեմ  իրականացված լայնածավալ հակաքարոզչությամբ։ Ամեն դեպքում՝ անդամակցության գործընթացմ արդեն իսկ մեկնարկել է և հարցման մասնակիցները ներկայացրել են իրենց սպասելիքները Մաքսային միությունից: «Հարցվածների 38%-ը պատասխանել է՝ տնտեսական աճ, 26%-ը` գների նվազում, 17%-ը` ոչինչ չի փոխվի եւ 8%-ը` գների բարձրացում: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 18%-ը»։

Ըստ հարցման արդյունքների` հայաստանցիների 25% կցանկանայիք ժամանակավոր աշխատել եվրոպական երկրներում, 17% հետխորհրդային երկրներում, 9%` ԱՄՆ-ում: 45 տոկոսը պատասխանել է, որ նման երկրներ չկան:  Միևնույն ժամանակ, հարցվածների 59%-ը չի ցանկացել մշտական բնակության տեղափոխվել այլ երկիր: Իսկ եվրոպական երկրներին նախընտրություն է տվել հայաստանցիների 20 տոկոսը, հետխորհրդային երկրներին՝ 9 տակոսը և ԱՄՆ-ին ՝ 6 տոկոսը: Մեր երկրի տնտեսությունում ակնկալվող ներդրումների և գիտատեխնիկական համագործակցության մասով առաջատարի դերում են եվրոպական երկրները:

Հարցվածների 49% գտնում է, որ մեր երկրին մոտ է հետխորհրդային երկրների արժեհամակարգը և միայն 20 տոկոսն է նախապատվությունը տվել եվրոպականին: Միևնույն ժամանակ եվրոպական շատ արժեքներ ընդունելի են մեր հասարակության համար՝ ազատ խոսքի իրավունք՝ 86%, ԶԼՄ- ների ազատություն՝ 74%, ազատ տնտեսական հարաբերություններ՝ 78%, ժողովրդավարության բարձր մակարդակ՝ 87% և մարդու իրավունքների պաշտպանություն՝ 89%:

Արամ Նավասարդյանը նկատեց, որ ինչպես Մաքսային միության, այնպես էլ ԵՄ հետ բանակցված Ասոցացման համաձայնագրի մասին հանրությունը բավականին տեղեկացված չէ։ Հավելենք, որ հարցումը իրականացվել է Երևանում և մարզերում 1067 հարցվողների շրջանում:

Ցուցադրել ավելի
Back to top button