Հասարակություն

Քննարկվեց Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործումը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Դեռեւս 2004 թվականին Հայաստանը վավերացրել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան` ստանձնելով մի շարք պարտավորություններ: Մասնավորապես` Հայաստանում ներդրվել է տարածական պլանավորման եւ լանդշաֆտային կազմակերպման քաղաքականություն: Սա ենթադրում է, որ կենսամիջավայրում ինժեներական ենթակառուցվածքներն ու լանդշաֆտային պայմանները իրար չպետք է հակասեն եւ լինեն ներդաշնակ։ Քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ անցկացված այսօրվա խորհրդաժողովի օրակարգում այս խնդիրներն են եղել:

Բացելով «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իարագործումը Հայաստանում» խորհրդաժողովը` քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ասաց, որ նպատակը Հայաստանի ստանձնած պարտավորությունների լույսի ներքո իրագործվող գործնական միջոցառումների ներկայացումն է, ինչպես նաեւ` լանդշաֆտային քաղաքականության իրականացման միջազգային փորձին ծանոթանալը։

Քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանն էլ, լրագրողների հետ զրույցում մանրամասնելով, պարզաբանեց, թե տարածական պլանավորման հիմնական գաղափարախոսությունը մեկն է` մարդիկ պիտի չմոռանան, որ իրենք նույնպես բնության մասնիկն են, հետեւաբար` պետք է ներդաշնակ լինեն բնության հետ: Ավելի հասկանալի լեզվով` ինչ-որ բան կառուցելիս չպետք է վնասեն շրջակա միջավայրն ու գոյություն ունեցող լանդշաֆտը պահեն հնարավորինս անվնաս ու կենսագործունեության համար ներդաշնակ վիճակում։ «Ինչպես հասնել դրան` դա բավականին բարդ ուղի է: Սակայն մարդկությունը մշակել է բազմաթիվ գործիքներ, որոնցից մեկն էլ Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան է»,- ասում է փոխնախարարը։

Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում: Այս հարցին արձագանքելով` Ռուզաննա Ալավերդյանն ասաց, թե մեր երկրում նույն պատկերն է, ինչպես մնացած զարգացող երկրներում։ «Հայաստանի համար այդ պրոբլեմը սուր է դրված, որովհետեւ մենք երկակի խնդիր ունենք: Մենք խնդիր ունենք զարգանալու համար ռեսուրսներ օգտագործելու, բայց այդ ռեսուրսները պետք է այնպես օգտագործենք, որ մենք չխաթարենք մեր եւ գալիք սերունդների հարատեւ գոյությունը»։

Ինչ վերաբերում է առաջարկվող լուծումներին, փոխնախարարն ասաց, որ դրանցից է օրինակ այն, որ յուրաքանչյուր ճյուղային խնդիր լուծելիս, ասենք` ճանապարհ անցկացնելիս, պիտի հաշվի առնվեն թե ռելիեֆը, թե բնական միջավայրը, որպեսզի բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառվի: Նույնը` բնակավայրերի կառուցման խնդրի դեպքում է, որով զբաղվում է քաղաքաշինության նախարարությունը։

Եվրոպական լանդշաֆտի կոնվենցիայի կետերը դեռ վերջնական չեն եւ վավերացնելով այն` Հայաստանը նախ ստանձնել է այդ գաղափարախոսությունը կրելու պարտավորությունը, ասաց քաղաքաշինության փոխնախարարը: Նա շեշտեց նաեւ, որ հիմնական փաստաթուղթն ընդունված է` լանդշաֆտի քաղաքականությունը ներդրվել է, ընդունվել են հիմնադրույթները:

Քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը չկիսեց դիտարկումը, թե փաստաթուղթը, փաստորեն, զուտ տեսական բնույթ ունի: Նա վստահեցրեց, որ կոնվենցիայի արդյունքում ստեղծվում են պլանավորման տարբեր փաստաթղթեր, որոնցում պետք է հստակորեն նշվեն բնակավայրերի զարգացման մանրամասները` սկսած շենքերից, վերջացրած աղբավայրերի տեղակայման հնարավոր հատվածներով, պահպանվող անտառներով ու, ասենք, հանրության համար վիճահարույց ՀԷԿ-երի տեղակայման վայրերով։

Ցուցադրել ավելի
Back to top button