Հասարակություն

Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետերը համագործակցության ծրագիր են ստորագրել

«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր  համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ»,- այսօր հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ ընդունելով Երեւանի իր պաշտոնակցին։

Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը, համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:  «Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարևոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը»,- ասել է նա։

Երկու մայրաքաղաքների քաղաքապետերն այսօր ստորագրել են  Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:

Ցուցադրել ավելի
Back to top button