Միջազգային

ԱՄՆ- ը Ռուսաստանին կասկածում է պայմանագիրը խախտելու մեջ

Օբամայի վարչակազմը եւ ԱՄՆ Կոնգրեսը կասկածում են, որ Ռուսաստանը խախտում է 1988 թվականից գործող միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը, հայտնում է վաշինգտոնյան The Daily Beast ցանցային պարբերականը։ Կառավարության փորձագետները կարծում են, որ ռուս մասնագետները մշակում են միջին հեռահարության նոր հրթիռներ, որոնք արգելված են Ռեյգանի եւ Գարբաչովի միջեւ ստորագրված պայմանագրով։

Ամերիկացի պաշտոնյաների մոտ, ըստ The Daily Beast,- ի, նման կասկածներ առաջացել են դեռ անցած տարի, սակայն պետքարտուղարությունը հրապարակայնորեն դրա մասին չի խոսում՝ գերադասելով վիճելի հարցերը քննարկել դիվանագիտական ճանապարհով։ Սակայն Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունն արդեն նամակ է ուղարկել Սպիտակ տուն, իսկ վերջերս էլ պատրաստել է ռազմական ծախսերի մասին օրինագծում փոփոխություններ, որի համաձայն՝ Օմաբայի վարչակազմը պետք է Կոնգրեսի համար զեկույց պատրաստի Ռուսաստանի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մասին։

Ռուսական կողմը հերքում է մեղադրանքները, սակայն միաժամանակ հասկացնում, որ կարող է դուրս գալ պայմանագրից։ Հոդվածի հեղինակը մեջբերում է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին, որն այս տարվա հունիսին հայտարարել էր, թե պայմանագիրը վիճահարույց է եւ չի կարող այդպես շարունակվել։ «Ինչո՞ւ ով ասես կարող է ունենալ նման դասի զենք, իսկ մեզ եւ ԱՄՆ- ին՝ ոչ։ Իրավացի հարց է առաջանում՝ մի կողմից մենք ստորագրել ենք ամերիկա- խորհրդային համաձայնագիր։ Մենք կատարում ենք դա, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել»,- ասել է նա։

Այդ նույն ամսին The Washington Times- ը ԱՄՆ հետախուզությանը հղում անելով գրել էր, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է պայմանագիրը։

Ցուցադրել ավելի
Back to top button