Հասարակություն

Քննարկվում է ոստիկանությունում բարեփոխումների ընթացքը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց  Ոստիկանության բարեփոխումներին նվիրված միջազգային երկօրյա համաժողովը: Այն կազմակեպել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժնի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ինչպես նաև  Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնևյան կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ոստիկանության բարեփոխումները, հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կրթությունն ու վստահությունը այսօր մեկնարկած երկօրյա միջազգային համաժողովի օրակարգի առանցքում են: Այս միջոցառումը տեղացի և օտարերկրյա մասնակիցներին տրամադրում է հարթակ՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, քննարկելու ձեռքբերումներն ու բարեփոխումների ընթացքում իրենց առջև ծառացած մարտահրավերները և հետագա բարեփոխումները: Մասնավորապես՝ կքննարկվեն ոստիկանության բարեփոխումների  առկա փորձը Հայաստանում, Վրաստանում և  Էստոնիայում:

Համաժողովի անցկացումը բացման խոսքում ողջունեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ով ներկայացրեց  ոստիկանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Ըստ ոստիկանապետի՝ բարեփոխումները կրում են շարունակական բնույթ։ Մասնավորապես՝ վերջին երկու տարիների ընթացքում  իրականացված աշխատանքը նպաստել է ոստիկանական ծառայության արդյունավետության և հաշվետվողականության  բարձրացմանը: Վլադիմիր Գասպարյանը հայտնեց, որ դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց վերացմանն ուղղված միջոցառումները ներառված են 2013-14 թվականների բարեփոխումների նոր ծրագրում։ Բարեփոխումները պահանջում են կամք ու համառություն, նշեց ոստիկանապետը: Իսկ դրանց արդյունքում պետք է ունենանք արդար և ճշմարիտ ոստիկաններ։

Համաժողովի օրակարգի  հարցերը ծայրահեղ հրատապ են, իր հերթին նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։ «Արդի իրականությունում անհրաժեշտ մակարդակում մնալու և ըստ արժանվույն առկա մարտահրավերներին պատասխանելու համար ոստիկանությունը պետք է զարգանա և բարեփոխվի մշտապես»,- ասաց Սորոկինը։ Դեսպանը նշեց, որ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող ՀՀ ոստիկանության համալիր և բարդ բարեփոխումները կայացած փաստ է իր արդյունավետությամբ և շարունակականությամբ՝ հանդիսանալով անշրջելի գործընթաց:

Համատեղ ծրագրերը մեկնարկել են 10 տարի առաջ, մասնավորապես՝ համայնքային ոստիկանության ձևավորման, կրթական ոլորտի բարեփոխման միջոցով։ «Մենք այսուհետ ևս ընդլայնելու ենք մեր համագործակցությունը, որպեսզի ոստիկանական բարեփոխումները Հայաստանում իրականացվեն այն անհրաժեշտ ժողովրդավարական մակարդակով, որը առկա է ցանկացած քաղաքակիրթ և ժողովրդար երկրում»,- ասաց։ 

Ցուցադրել ավելի
Back to top button