ԿարևորՎերլուծական

Ռուսաստանը ցանկանում է ուժեղային բեւեռ դառնալ. ինչո՞ւ է ՌԴ- ն ընդլայնում իր ռազմակայանը ՀՀ- ում

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքների ընդլայնման նպատակով  վերջերս ՀՀ կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ։ Ռուսական կողմին փոխանցվեցին  Գյումրու Սվերդլովի  փողոցում գտնվող  N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի   ռազմական ավանը, ինչպես նաև  տարածքներ՝ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու նպատակով: Ռուսական ռազմական բազաների ընդլայման վերաբերյալ կառավարության որոշումը քաղաքական և հասարակական շրջանակներում տարաբնույթ մեկնաբանությունների ու գնահատականների արժանացավ, այն զուգահեռվեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցելության հետ։

Երկու երկրների միջև ձեռք բերված փոխհամաձայնության համաձայն՝ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ընդլայնման վերաբերյալ որոշումը երկու թևի բաժանեց քաղաքական դաշտը` մի մասը պատմական փաստարկներ ներկայացնելով հանդես եկավ ռուսական ռազմական ներուժի ընդլայնման դեմ, իսկ մյուսը` ելնելով պետության անվտանգության երաշխավորի տեսանկյունից, ողջունեց կառավարության որոշումը:

Այսօր թեման քննարկվեց ՀՀ անվտանգության, աշխարհաքաղաքական վերջին զարգացումների տեսանկյունից: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նախ հակադարձեց որոշ ուժերի, որոնց կողմից հասարակության շրջանում երկբևեռ մոտեցումներ են սերմանվում, քանի որ խոսքը վերաբերում է մեր դաշնակցին, այլ ոչ թե մի ուրիշ պետության, ապա, ներկայացնելով ռուսական ռազմաբազաներին տարածքներ տրամադրելու վերաբերյալ որոշումը, նկատեց, որ ռուսներին տարածքներ տալով ՀՀ-ն ամրապնդում է իր անվտանգությունը և մտածված գործելու պարագայում այս առաջին հայացքից միակողմանի շահավետ գործարքից կարելի է օգուտներ ստանալ:

«Ռուսաստանը ցանկանում է ուժային բևեռ դառնալ եւ հենց այդ նպատակով է նա վերազինվում ու ջանքեր գործադրում տարածաշրջանում ուժեղ դիրք զբաղեցնել», — պարզաբանում  է Լևոն Շիրինյանը և նշում, որ ուժայինին զուգահեռ Ռուասստանի արտաքին քաղաքականությունը վերելքի շրջան է ապրում եւ այդ ճանապարհին որպես դաշնակից ընտրել է Հայաստանը։

Շարունակելով բանախոսի միտքը՝ Հատուկ նշանակոթյան խմբի հետախույզ Վովա Վարդանովը ռուսական ռազմաբազայի ընդլայնումը օրինաչափ է համարում, քանի որ ներկա պայմաններում ռազմական բազան գործել չի կարող, սակայն փաստում է, որ հարկավոր է հիշել Օսեթիայում 2008 թվականին տեղի ունեցածը և ամբողջովին չտրվել ռուսի կամայականություններին: «Մենք պետք է թույլ չտանք, որ հայկական շահերը պաշտպանող համակարգից դուրս քայլ լինի, պետք է թույլ չտալ, որ թպրտան դրանից դուրս»,- հայտարարեց Վարդանովը։

Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ստեղծվել է 1995թ-ին: Ռազմաբազայի անձնակազմը մոտ 5000 մարդ է: Տեղակայված են C-300 համակարգեր և ՄԻԳ-29 կործանիչներ: Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները վավերացրել են 2010 թվականին ստորագրված պայմանագիրը, որով Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը  երկարաձգվել է  մինչև 2044թ-ը: 

Ցուցադրել ավելի
Back to top button