Միջազգային

ՄԱԿ. Իրանի եւ Սիրիայի հարցով պայմանավորվածություններն իրար հետ կապ չունեն

Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունները  որևէ կապ չունեն սիրիական կարգավորման հարցով Ժնևում սպասվող բանակցությունների ամսաթվի վերաբերյալ ՄԱԿ-ում արված հայտարարության հետ, տեղեկացրել է լրագրողներին համաշխարհային այդ կառույցի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Երկու հանդիպումներն էլ ժնևում են, սակայն բանակցությունները բոլորովին կապ չունեն իրար հետ», — ասել է Նեսիրկին` պատասխանելով լրագրողների հարցին, թե պատահականությո՞ւն է արդյոք «վեցյակի» պայմանավորվածությունների և «ժնև -2»-ի ամսաթվի հայտարարման համընկնումը:

Հիշեցնենք, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների վեցյակը կիրակի ժնևում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերել, որոնց համաձայն Իրանը պետք է կրճատի իր միջուկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները և միջազգային փորձագետներին հնարավորություն տա իրանական միջուկային օբյեկտներում ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել: Կթուլացվեն նաև այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները:

Իսկ երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտնել էր, որ սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով Ժնևում խորհրդաժողով կհրավիրվի 2014 թվականի հունվարի 22-ին, որին ենթադրվում է առաջին անգամ կմասնակցեն Սիրիայի իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես նաև հակամարտությամբ  հետաքրքրված այնպիսի երկրներ, ինչպիսիք Սաուդյան Արաբիան և Իրանն են:

Ցուցադրել ավելի
Back to top button