Հասարակություն

16 օր՝ ընդդեմ գենդերային բռնության

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկեց ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16- օրյա քարոզարշավը: Այն կտևի մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Քարոզարշավի մեկնարկը տրվել է  երթով՝ Ուսանողական այգուց մինչև Սիրահարների այգի եւ ավարտվելով՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավը ամբողջ աշխարհում իրականացվում է 1991 թվականից, իսկ մեր երկրում՝ 2001-ից: Այն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքների մասին բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն  փաստեց, որ այս խնդիրը կրում է գլոբալ բնույթ և ընդհանուր առմամբ մտահոգիչ է։ «Ամբողջ աշխարհում 10 կանանցից 3- ը ֆիզիկական կամ սեռական բռնության են ենթարկվում իրենց զուգընկերների կողմից:Որոշ երկրներում վիճակագրությունն ավելի մտահոգիչ է՝ 10- ից  7- ըը: 600 մլն կին ապրում է այն երկրներում, որտեղ գենդերային բռնությունը հանցահործություն չի համարվում»,- ասում է նա։

Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից  կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում, նշեց Բրեդլի Բուզետտոն՝ հրապարակելով այսօր ընդունված համատեղ հայտարարությունը։

Փաստաթղթի հեղինակներն իրենց աջակցությունն են հայտնել խորհրդի կոչին` երաշխավորելու «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի արդյունավետ կիրառումը, ինչպես նաև սատարում են իրավապահ մարմիններին ուղղված կոչը՝ «ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերայի հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները»։

«Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում»,- ասված է հայտարարությունում։

Օրվա առիթով ուղերձով հանդես է եկել և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ում նախաձեռնությամբ 2008 թվականից մեկնակել է «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունները» քարոզարշավը: «Կանանց դեմ բռնություններին վերջ դնելու այս միջազգային օրը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց կրկին միավորվելու հանուն կանանց և աղջիկների հանդեպ ամեն տեսակ բռնության կանխման ու դադարեցման», ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ցուցադրել ավելի
Back to top button