Հասարակություն

Ցանկություն, որակյալ կադրեր ու ռեսուրսներ, ընդհանուր արժեհամակարգ. ի՞նչ է պետք հեռուստատեսությունը բարելավելու համար

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ հեռուստաքննադատություն ասվածը չզարգացավ ու գիտական հիմքերի վրա այդպես էլ չդրվեց, կարծում է հեռուստալրագրող Վարդուհի Սիմոնյանը: Թե ինչու, շատ կարճ է բացատրում. «Որովհետև առանձնապես քննարկելու բան էլ չկա»։
Իսկ պատճառները, ըստ լրագրողի, ավելի խորն են. հեռուստատեսությունը տարիներ շարունակ ոչ թե պրոֆեսիոնալների ներհոսք, այլ  արտահոսք է ունեցել, հին ու նոր դպրոցների  երկխոսությունն այդպես էլ չի կայացել, ոլորտում հայտնվել են մարդիկ, ովքեր  մասնագետներ չեն։ «Ինչպես ցանկացած կին իրեն բժիշկ է համարում, իսկ ցանկացած տղամարդ՝ ֆուտբոլային մեկնաբան, այնպես էլ ցանկացած մեկը, որ տանը հեռուստացույց ունի, կարծում է, որ ինքն էլ հեռուստատեսության մասնագետ է»,- ասում է։

Վարդուհի Սիմոնյանը կարծում է, որ ընդամենը 2 ամսում կարելի է կարգի գցել հեռուստատեսային մեքենան. 3 նախապայման է նշում ՝ ցանկություն, որակյալ կադրեր ու ռեսուրսներ, ընդհանուր արժեհամակարգ:

Նախապայմաններից առնվազն երկուսի հարցում լավատես է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Թամարա Գևորգյանը: Նա վերջերս է ստանձնել այս կառույցի ղեկավարումը: Իսկ խորհրդի կազմում գործող այս օղակը փորձելու է տալ  փոփոխություն նախաձեռնելու համար ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ է  ի՞նչ է ուզում եթերում տեսնել  հասարակությունը և ի՞նչ է սպասում, մասնավորապես, Հանրային հեռուստատեսությունից ու ռադիոյից: Հարցի պատասխանը փորձելու է ստանալ տարբեր հարցումների, մասնագետների հետ քննարկումների, ուսումնասիրությունների արդյուքնում։ «Հանրայինն այսօր փոփոխությունների և շարժման մեջ է։ Այս  կենտրոնին  նոր թափ հաղորդելու մոտեցումը, իմ կարծիքով, նշանակում է իսկապես կարևորել այն, թե ինչ է ուզում հասարակությունը»։

Իսկ այն, որ  հասարակական կարծիքի ուսումնասիրության միջոցները Հայաստանում կատարյալ չեն,  կարծես թե ակնհայտ է: Հիմնական խնդիրը նախ և առաջ այս ամենը պրոֆեսիոնալ ու մասնագիտական  հիմքերի վրա դնելն է, իսկ երկրորդ լրջագույն հարցը՝ հեռուստատեսության համար կենսական կարևորություն ստացած հասկացության ՝ ռեյտինգի կամ վարկանիշի  նշանակությունը ճիշտ հասկանալը:  Թամարա Գևորգյանը չի կարծում, թե ռեյտինգն այն միակ ուղենիշն է, որը պետք է որոշի հեռուստատեսային արտադրանքի եթերում լինել- չլինելու հարցը։ «Շատ հեռու եմ այն մտքից, թե ռեյտինգը հանրային վստահության  քվեն է»։

Վարդուհի Սիմոնյանն էլ կարծում է, որ վարկանիշ ասվածը նախ և առաջ գովազդային գործիք է , որը գովազդատուներին ընդամենը պետք է հուշի, թե որտեղ ու երբ տեղադրել գովազդը: Մինչդեռ՝ այսօր հեռուստատեսության ոլորտում վարկանիշ ասվածը գրեթե ամեն ինչ է որոշում: Լրագրողն ասում է, թե հեռուստաոլորտի քաղաքականությունն իր հերթին է նպաստել, որ վարկանիշն ամենաառաջնայինը դառնա։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավարը վստահեցնում է՝ իսկապես փորձելու են պարզել, թե ինչ է ուզում տեսնել եթերում հասարակությունը,  ինչ է պատվիրում հանրային ընկերություններին, նշում է, որ հասարակական այդ պատվերն է դառնալու Հանրայինի  հիմնական ուղենիշը: Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ հասարակական պահանջը կհաղթի ռեյտինգին ու կոմերցիային։ «Երաշխիքն այն  նպատակն է, որը, որպես կարևորագույն  դրվել է:  Կարծում եմ, որ չեն շեղվի այդ նպատակից ու կկարևորեն այն արդյունքները, որոնք մենք կունենանք»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button