ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի հանրահավաքները ցույց տվեցին՝ աշխարհաքաղաքական շրջադարձ չի եղել

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Ուկրաինայի ընտրությունը. գործոներ և հետևանքներ» թեմայով քննարկում է այսօր տեղի ունեցել Մեդիա կենտրոնում, որի ընթացքում ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը, տեսազանգի միջոցով խոսելով Ուկրաինայում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիայի մասին, կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի հասարակությունն ապացուցեց, որ երկրում աշխարհաքաղաքական շրջադարձ տեղի չի ունեցել: Երևանից քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Վիլնյուսի գագաթաժողովից առաջ անդրադարձել է Ասոցացման համաձայնագրից հրաժարված երկրների գործելաոճին ու նշել, որ այն երկրները, որոնք կնախաստորագրեն համաձայնագիրը, զարգացում կապրեն:

Վիլնյուսյի գագաթնաժողովից 3 օր առաջ քաղաքական ու հասարակական շրջանակներում ակտիվ քննարկվում է <Արևելյան գործընկերության> ծրագրի, ինչպես նաև Ասոցացման համաձայնագրից հրաժարված երկրների ապագայի հարցը: Հայաստանը Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվելու մասին հայտարարեց դեռ սեպտեմբերի 3-ին, իսկ Ուկրաինան, որի  բարձրագույն իշխանությունները մոտավորապես մեկ ամիս առաջ հայտարարում էին Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, 4 օր առաջ հրաժարվեցին ԵՄ հետ ասոցացումից:

Համաձայնագրից ժամանակավորապես հրաժարվելով, սակայն, Ուկրաինան չի շտապում նաև գնալ դեպի Մաքսային միություն,յինչը, ըստ Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի, մի քանի հանգամանքով է պայմանավորված: Նախեւառաջ հստակ է, որ Ռուսաստանի կողմից ճնշումներ են եղել պաշտոնական Կիևի վրա։

ԵՄ- ն այս մարտահրավերին պատրաստ չէր, նկատեց քաղաքագետը՝ պարզաբանելով, որ հենց այս մոտեցումն էր, որ հանգեցրեց երկրներին հրաժարվելու ԵՄ հետ ասոցացվելու վճռականությունից։ Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը խոսելով Ուկրաինայում սկիզբ առած բողոքի լայնածավալ ակցիաների մասին նշեց, որ  ուկրաինական հասարակությունն ապացուցեց, որ երկրում աշխարհաքաղաքական շրջադարձ տեղի չի ունեցել: «Ի՞նչ տեղի ունեցավ երեկ Կիևում: Ես մասնակից եմ եղել այդ իրադարձությանը և ներսից կարող եմ ասել, որ այն նման էր 2004թ. դեպքերին, որոնք մտան պատմության մեջ իբրև «նարնջագույն հեղափոխություն»։ Մարդիկ ցույց տվեցին իրենց զարմանքն ու շոկը այդ որոշման վերաբերյալ: Մեծ էներգետիկայով հանրահավաք էր, որի միջոցով ուկրաինական հասարակությունը ցույց տվեց, որ մեծ շրջադարձ տեղի չի ունեցել: ԵՄ քաղաքական գործիչներն անկասկած կարձագանքեն կատարվածին»,- ասաց ուկրաինացի  քաղաքական վերլուծաբանը:

Երևանից Ստեփան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ Վրաստանն ու Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը և այդ երկրներում ստորագրումից հետո ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա և դա չի նշանակի Ռուսաստանի հետ հարաբերությոսւնների խզում։

Ցուցադրել ավելի
Back to top button