ԿարևորՀասարակություն

Մոնթեն մարդ էր, ով չգիտեր ինչ է հուսալքությունը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նա արցախյան ազատամարտի պայքարի մեջ մտավ 1991 թվականին: Ամենավառ, տաղանդավոր ու  փորձառու հրամանատարներից էր: ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում  ունեցած  բացառիկ ավանդի և խիզախության համար  հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս»՝ դառնալով «Ոսկե արծիվ»  պարգևի ասպետ: Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993 թվականի  հունիսի 12-ին, իսկ նոյեմբերի 25-ը Մոնթեի ծնդյան օրն է: «Մոնթեն հրաշալի հրամանատար էր, բացառիկ զինվորական, բայց նա պատմության մեջ մնաց և ժողովուրդը նրա սիրեց նախ և առաջ մարդկային իր բացառիկ տեսակի, ազնվության և արդարամտության  շնորհիվ»,- ասում է «Մոնթե Մելքոնյան» հկ տնօրեն, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը։  

 

 

«Հայրենի հողի համար կռվելու, մահվանն ընդառաջ գնալու որոշումները մեկ օրում չեն ընդունվում, դրանք մարդու հետ են ծնվում: Մոնթեն հենց այդպիսին էլ ծնվել էր: Իհարկե՝ նա հերոս էր, բացառիկ քաջության տեր անձնավորություն, հմուտ  զինվորական, բայց Մոնթեի մեծագույն առավելությունն իր մարդկային տեսակն էր: Ազնիվ , արդարամիտ, չափազանց համեստ»,- ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը համոզված է՝ Մոնթեին հաստատ դուր չէր գա, եթե տարվա մեջ մի քանի առիթներով հիշեին նրան, մեծարեին, գովեստներ շռայլեին,  «դա նրան պետք չէր, դա մեզ է պետք»,-ասում է:

Մոնթեի բացառիկ արդարամտության մասին բազմաթիվ պատմություններ կան, որոնք տարբեր առիթներով հիշում ու պատմում են նրա մարտական ընկերներն ու մտերիմները: Ըստ Ենիգոմշյանի՝ Մոնթեն առանձնանում էր նաև նյութական աժեքների հանդեպ բացարձակ անտարբերությամբ, չնայած չափազանց իրատես ու ամենևին էլ եթերներում սավառնող մարդ չէր: Նրա համար կարևորագույն արժեք էին ազնվությունն ու բարոյականությունը: Առանց այդ հատկանիշների Մոնթեն չէր կարող  հույս ու վստահություն ներշնչել ժողովրդին, որը՝ մեծից փոքր,  նրան պաշտում էր։

Մոնթեն յուրահատուկ վերաբերմունք ուներ կենդանիների նկատմամբ, չէր հանդուրժում, երբ անտեղի կենդանի էին սպանում: Պատերազմի դաշտում էլ նրա նպատակն ամենևին էլ արյուն թափելը չէր։ Կա նաև այսպիսի դրվագ. Մոնթեն սեփական արյունն է տվել գերի ընկած վիրավոր ադրբեջանցու կյանքը փրկելու համար: Մոնթեն Հայաստան  եկավ այն ժամանակ, երբ արտագաղթն այստեղ ավեր էր գործում, շատերը հեռանում էին, իսկ նա վերադարձողների մեջ էր:

Վերադարձավ ու ամրագրեց իր համոզմունքը. «Նորմալ բան է, որ հայը գա ու պաշտպանի իր հայրենիքը, շատ նորմալ բան է: Զարմանալին այն է, որ շատ հայեր չեն գալիս: Շատ կուզենայի, որ թե Հայաստանից, թե Սփյուռքից  շատերը վերադառնային»,- սա էր  Արցախի ազատագրման պայքարին զինվորագրված հայորդու՝ ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի համոզմունքը:

Հերոսի կերպարն ամբողջացնեիլու համար «Մոնթե Մելքոնյան» հկ նախագահ Ալեք Ենիգոմշյանն այսօր մի շատ կարևոր հատկանիշ էլ ընդգծեց. Մոնթեն մարդ էր, ով չգիտեր ինչ է հուսալքությունը: Համատարած հուսալքության մեջ այս մեզ հենց Մոնթեի կերպարն է պակասում։

Ցուցադրել ավելի
Back to top button