Հասարակություն

Հայաստանին պետք են մի քանի ազգային փոխադրողներ, կարծում են ՀԽ- ում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայկական ավիացիայի ճակատագիրը հուզում է բոլորին: Նկատելով այս մասին` Հանրային խորհրդի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը փոխանցել է, որ ՀԽ-ն ձեւավորել է կարծիք` համաձայն որի ազգային ավիացիան պիտի ունենա մեկից ավելի փոխադրողներ եւ դա պիտի կայանա պետություն-մասնավոր հատված գործակցության արդյունքում։

ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանն այսօր անդրադարձավ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագրին։ Այնպես որ` քայլեր պիտի արվեն ու լավ է, որ արդեն նախաձեռնողներ են հայտնվում, շեշտեց ՀԽ անդամը: Այդ առումով` ազգային ավիացիան զարգացնելու առաջին քայլերը ՀԽ-ն տեսնում է: Կառույցը միաժամանակ կողմ է ավիափոխադրումների ազատականացմանը: ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի կարծիքով` հնարավոր է այդ կերպ ունենալ եւ ազգային փոխադրողներ, եւ միջազգային փոխադրողներ եւ այդ ամենը կարող է նպաստել թե ներքին, թե արտաքին տուրիզմի զարգացմանը։

Նորաստեղծ «SKY NET» ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք ձեռք են բերել անգլիական արտադրության 18 տեղանոց երկշարժիչ մեկ ինքնաթիռ: Այն կարող է կատարել 1200 կմ շառավղով թռիչքներ: Միջանկյալ վայրէջքի դեպքում` այս հնարավորությունը կրկնապատկվում է: Ինքնաթիռը ձեռք բերելու գործում աջակցել է Էդուարդո Էռնեկյանը։

Հայաստանի տարածքում նախկինում գործող օդանավակայանների հիմնանորոգման դեպքում ընկերությունը պատրաստ է չվերթեր իրականացնել նաեւ տուրիստական եւ բժշկական նպատակներով, ասաց Գրիգորի Վարդանյանը: Ինքնաթիռի մեկ թռիչքային ժամը, նախնական հաշվարկներով, 1680 դոլար է, իսկ տոմսերի գինը կախված կլինի թռիչքի տեւողությունից: Ամռանն արդեն ընկերությունը մտադիր է թռիչքներ իրականացնել Բաթումի, Թբիլիսի եւ Թավրիզ։

ՀԽ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանն անդրադառնալով «Մաքքինզեյ» ընկերության վերջերս հրապարակած զեկույցին, նկատեց, որ այդտեղ արված եզրահանգումները համահունչ են ՀԽ-ի քննարկման արդյունքում ընդունված առաջարկներին: Զեկույցում եւս ամրագրվել է, որ Հայաստանում ավիացիայի զարգացման ամենամեծ խոչընդոտը օրենսդրական ակտերի ոչ պատշաճ լինելն է: Մասնավորապես` այն հանգամանքը, որ ոլորտի հետ կապված բոլոր գործառույթներն իրականացնում է մեկ մարմին:

Առաջարկվել է, որ գործառույթները բաժանվեն։ Սա անընդունելի է, քանի որ միջազգային ավիափոխադրողների բոլոր  պայմանագրերում ամրագրված է, որ ֆորսմաժորային իրավիճակներում նրանք կարող են այլեւս չվերթեր չիրականացնեն` առանց որեւէ պատասխանատվության: Ինչ վերաբերում է այն վստահեցմանը, թե նման պարագաներում Հայաստանն ինքը կկարողանա իրականացնել ավիափոխադրումներ` խիստ զարմանալի է: Ինչպե՞ս դա կարող է հնարավոր լինել, եթե երկիրը չունի ազգային պարկ, տարակուսեց ՀԽ ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button