Միջազգային

Իրանի հետ համաձայնությունը «վեցյակի» համատեղ ջանքերի արդյունքն է, ասում է Քերին

Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռքբերված համաձայնությունը «Վեցյակի» երկրների համատեղ  ջանքերի արդյունքն է, համոզմունք է հայտնել Լոնդոնում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Նա այստեղ է ժամանել Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններ վարելու նպատակով: «Ոչ մի երկիր ինքնուրույն չէր կարող հասնել նման արդյունքի», ասել է Քերրին:

«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ կշարունակեն սերտ համագործակցությունը առաջիկա ամիսներին, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը բարեխղճորեն իրականացվի»,- իր հերթին նշել է  Ուլյամ Հեյգը համատեղ մամուլի ասուլիսում։ Քերին նաև ասել է, թե ոչինչ չէր ստացվի, եթե «վեցյակի» պետությունները միասնական դիրքորոշում ցուցաբերելով՝ ժամանակին պատժամիջոցներ չկիրառեին: Ըստ նրա՝ ամենաբարդ` երկարաժամկետ համաձայնության գալու  փուլը նոր է սկսվում և դա շատ ավելի մեծ ջանքեր կպահանջի գործընթացը վերահսկելու և  թափանցիկություն ապահովելու առումով:

Նշենք, որ Իրանի և աշխարհի վեց տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև ընթացող հնգօրյա բանակցությունների դրական արդյունքի մասին հայտնի է դարձել երեկ։ Իրանը, մասնավորապես, համաձայնել է ուրանը չհարստացնել հինգ տոկոսից ավելի և վեց ամսվա ընթացքում «չեզոքացնել» մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները։

Փոխարենը՝ Թեհրանին խոստացել են մասնակիորեն թուլացնել տնտեսական պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Իրանի հետ հարաբերություններում հասել են ամենատեսանելի առաջընթացին։ Օբամայի խոսքով՝ առաջիկա ամիսներին անհրաժեշտ է գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագիր ստորագրելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button