Մշակույթ

Արձա՞ն, թե՞ կիսանդրի. Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանի շուրջ վեճը շարունակվում է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Անցյալ տարի նոյեմբերի 20-ին կյանքից անժամանակ հեռացավ երգարվեստի երախտավորներից մեկը՝ մեծանուն երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:  Հայրենիքում և Սփյուռքում նրա հավաքած լեփ-լեցուն դահլիճները վկայում են նրա երգի ժողովրդականության մասին: Հայազգի երգչուհին  իր գործունեությունը վերջին տարիներին ծավալել էր հիմնականում  Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 2007 թվականին նա ստեղծեց «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որին միացած աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեն իրենց ձայնն էին միացնում Հայոց ցեղասպանությունը  և աշխարհում տեղի ունեցած նմանատիպ ոճրագործությունները դատապարտողներին՝ «Այլևս երբեք» կարգախոսի ներքո:

Երգչուհու մահից մեկ տարի անց Քաղաքային պանթեոնում  սեպտեմբերին կանգնեցվեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կերտած մարմարե մահարձանը: Հանգուցյալի մահարձանը, սակայն, նրա հարազատներին դուր չի եկել։ Սկզբից խոսել ենք արձանի համար, սակայն կանգնեցվել է կիսանդրի, ասում է Ֆլորա Մարտիրոսյանի քույրը։ Նա այնքան բարկացած էր, որ չպատասխանեց մեր մյուս հարցերին և պահանջեց բավարավել այսքանով։

Պայմանավորվածության համաձայն՝ ընտանիքի անդամների պահանջով պետք է մահարձանը քանդակվեր մեկ կտորից, սակայն այն կերտվել է  երկու մասից,  ինչի մասին, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի խոսքով,  հարազատներն  իրազեկ են եղել, քանի որ քանդակը կերտել մեկ կտորից տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր։

Քանդակագործի խոսքով` մահարձանի ստեղծման ողջ ընթացքին հետևել է երգչուհու Երևանում բնակվող եղբոր ընտանիքը։ Սկզբում քանդակագործի ցանկությունն է եղել քանդակի վրա Ֆլորն Մարտիրոսյանին պատկերել երգելուց, սակայն ԱՄՆ- ում բնակվող ընտանիքի անդամները չեն ընդունել առաջարկվող տարբերակը: Վերջիններիս առաջարկն է եղել կերտել Ֆլորայի լուսանկարը։ Քանդակագործն ասում է, որ նույնիսկ Միքելանջելոն չէր կարողանա  լուսանկարչությունից կերտել Ֆլորա Մարտիրոսյանի գունագեղ կերպարը։

Սեպտեմբերին, երբ գրեթե պատրաստ էր քանդակը, ընտանիքի անդամները եկել,  տեսել են և…  ոչ մի արձագանք մահարձանի վերաբերյալ: Քանդակագործը փորձել է սպիտակ մարմարի միջոցով երկրպագուներին փոխանցել երգչուհու  ծիծաղն ու ժպտերեսությունը: Ինչպես իր մյուս կերտած քանդակներում, այնպես էլ այս քանդակում Թոքմաջյանը փորձել է դնել սիմվոլիկա, պոեզիա և պայծառություն, այլ ոչ թե լուսանկարչություն և  կարծում է, որ այս հարցում Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու և երգչուհու  քրոջ ընտանիքի միջև իրարամերժ կարծիքների արդյունքում է քանդակի շուրջ բարձրացել  աղմուկը։

Ցուցադրել ավելի
Back to top button