Հասարակություն

Պետական մարմինների մատուցած ծառայության որակը կստուգվի եվրոպական մեթոդով

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի  աշխատակազմը  պիլոտային ծրագիր է  նախապատրաստում, որի նպատակն է ընդհանուր գնահատման համակարգ գործիքի կամ միջազգային անվանումով  GAF մոդելի միջոցով  ընդլայնել  վարչական կարողությունները՝  բարելավելով  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։ Հունաստանի Կավալա քաղաքում այս տարվա հուլիսին տեղի է ունեցել «Կատարելություն հանրային հատվածում»  ծրագրի առաջին հանդիպումը, նույն օրերին միաժամանակ  կայացել է    նաև  ծրագրի Ղեկավար կոմիտեի առաջին նիստը։

2011թ հունիսին սկսվել է «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013թթ » ծրագրային առաջարկներ ներկայացնելու երկրորդ փուլը: Ծրագրերի առաջարկների ներկայացման փուլում ընդգրկված Էր նաև «Կատարելություն հանրային հատվածում»  նախագիծը, որը յոթ երկրների համագործակցություն էր: Յոթ  երկրների շարքում է նաև Հայաստանը՝ ի դեմս  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի: Ծրագրային առաջարկներում հաղթած մոտ չորս տասնյակ հայտերի  շարքում էր նաև « Կատարելություն հանրային հատվածում»  ծրագիրը, որը Սևծովյան ավազանի 7  երկրների համագործակցությամբ իրականացվող համատեղ ծրագիր է: ՀՀ  Քաղաքացիական ծառայության խորհուրդը հանդես է գալիս գործընկերոջ կարգավիճակով:  Ծրագրի ընդհանուր նպատակը, ըստ Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Խաչատրյանի,    GAF մոդելի կամ ավելի պարզ՝ Ընդհանուր գնահատման համակարգ գործիքի միջոցով   վարչական կարողությունների ընդլյանումն է,որի արդյունքում  բարելավվելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: 


Ընդհանուր գնահատման համակարգը կամ GAF-ը Հանրային կառավարման համար պատասխանատու Եվրոպական Միության նախարարների համագործակցության արդյունք է, այն մատչելի գործիք է Եվրոպայի հանրային կառավարման ոլորտի կազմակերպություններին աջակցելու համար, որպեսզի վերջիններս առաջընթացն ապահովելու համար որակյալ  մեթոդներ կիրառեն:  Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Խաչատրյանի՝
գլխավոր գործընկերը Հունաստանն է ՝ ի դեմս Պագեյոյի քաղաքապետարանի, Բուլղարիան ներկայացնում է  Համագործակցության և զարգացման տարածաշրջանային գործակալությունը, Ռումինիայի Աջիջայի համայնքը, Մոլդովայից երկու գործընկերներ ունենք՝  Չոկանայի տարածքային գրասենյակն ու Մոլդովայի հանրապետության նախագահի գրասենյակին կից Հանրային  կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիան: Մյուս գործընկերներն են Ուկրաինայից անդրսահմանային համագործակցության գործակալության  «Ստորին Դանուբի եվրատարածաշրջանը» եւ Թուրքիայի Շիլեի քաղաքապետարանը, որը հատուկ կարգավիճակ ունի այս նախագծում:

Հունաստանի Կավալա քաղաքում այս տարվա հուլիսին տեղի է ունեցել   «Կատարելություն հանրային հատվածում»  ծրագրի առաջին հանդիպումը,  նույն օրերին միաժամանակ  կայացել է  նաև  ծրագրի Ղեկավար կոմիտեի առաջին նիստը: Նիստում  քննարկվել են Ծրագրի առաջին կիսամյակի անելիքները,  կազմակերչական գործընթացներն ու ֆինանսավորման հետ կապված հարցեր:   Ծրագրի ընդհանուր տևողությունը 18 ամիս է, մեկնարկը տրվել է 2013 թ հուլիսին: «Կատարելություն հանրային հատվածում» ծրագիրն իրականացվում է համաֆինանսավորմամբ: Գումարի  90 տոկոսը՝ 417.700եվրո, ֆինանսավորում է ԵՄ-ն՝ Եվրոպական հարևանության գործընկերության  գործիքի միջոցներով , և յուրաքանչյուր գործընկեր  ծրագրին մասնակացում է 10 տոկոս ֆինանսավորմամբ։ «Ընդհանուր մեր բյուջեի քաղծառայության խորհրդի մասը կազմում է 42 400 եվրո, որի 90 տոկոսը՝ 38 160 եվրոն  կատարվում է եվրոպական հարևանության և գործընկերության  գործիքի միջոցներով,  իսկ տասը տոկոսը՝ 4240 եվրո, համաֆինսնավորումը կատարվում է  ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին»,- ասում է Ռուզաննա Խաչատրյանը։

Ծրագրով նախատեսված էր նաև վերապատրաստողների վերապատրաստման խմբի ստեղծում: Ծրագրի անդամ յուրաքանչյուր երկրի երկու կամ երեք ներկայացուցիչ  2013թ սեպտեմբերին  հանդիպել են  կրկին  Հունաստանի  Կավալա քաղաքում, որտեղ  էլ տեղի է  ունեցել վերապատրաստողների վերապատարստման ծրագիրը, նախաձեռնողը կրկին հունական կողմն էր՝ Պագեյոյի քաղաքպետարանը: Վերապատրաստողներին GAF մոդելի վերապատրաստողների կարգավիճակ ու համապատասխան վկայականներ են տրվել: Այժմ արդեն ՀՀ  քաղաքացիական ծառայության խորհրդում ծրագիր է նախապատրաստվում որով ևս վեց վերապատրաստողներ կպատրաստեն ու արդեն ամբողջ թիմով կսկսեն  պիլոտային ծրագրի իրականացումը: Այն պետք է իրականացվի մինչև 2014թ մայիս ամիսը։ «Արդեն պայմանավորվածություն է ձեռքբերվել,որ պիլոտային ծրագիրը պետք է իրականացվի մեզ մոտ: Մենք սկսել ենք, մեզ ինքնագնահատումը կանենք, կտեսնենք ինչպես  է աշխատում, հաշվետվություն կներկայացնենք, որից հետո արդեն եթե հարկ լինի, կկիրառենք նաև մյուս պետական մարմիններում: Այս մեթոդը թույլ է  տալիս իրոք անկեղծ գնահատելով, ինքնագնահատական անելով որոշել  քո կազմակերպության թույլ կողմերը, սրանով ոչ մեկը ոչ մեկին չի  վնասում, միայն նպաստում ենք, որպեսզի գտնելով մեր թույլ կետերը  հատուկ մեթոդոլոգիայի միջոցով գտնել ճիշտ լուծումներ: Դրանով միայն բարելավում ենք մեր աշխատանքը»,- նկատում է Քաղծառայության խորհրդի արտաքին հարցերի պատասխանատուն։

Նշեմ, որ ընդհանուր գնահատման համակարգը նախատեսված է մասնավորապես հանրային ոլորտի կազմակերպությունների համար: Այն նաև իր պաշտոնական կայքէջն ունի՝ www.excellence-bsb.eu, որը հասանելի է միայն անգլերենով, սակայն, Քաղաքացիական ծառայության խորհրդի  աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում հետաքրքվողներին  պատրաստ են մանրամասն տեղեկատվություն տրամադրել։ «2013 թ դեկտեմբերին Ռումինիայում ծրագրի մասնակից երկրները երկրորդ անգամ կհանդիպեն, կքննարկեն առաջիկա վեց ամիսների ընթացքում նախատեսվող աշխատանքները»։

Ցուցադրել ավելի
Back to top button