ԿարևորՔաղաքական

ՀՀ- ում Եվրասիական շարժում. Եվրասիական Միությունը չպետք է դիտել ԽՍՀՄ վերակենդանացման փորձ

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանի մասնակցությունը Եվրասիական ինտեգրման գործընթացներին դարձավ այսօր անցկացված կլոր սեղանի քննարկման հիմնական թեման: Հավաքը նախաձեռնել էին «Ժամանակակից Եվրասիա» գիտա-քաղաքագիտական կենտրոնը ԱՊՀ երկրների երիտասարդական միության հետ համատեղ: 

Մեր երկրի եվրասիական մերձեցման մեկնարկած գործընթացի շուրջ  հասարակական քննարկումները շարունակվում են:  Այսօր կայացած կլոր սեղանի նպատակն էր լրացնել տեղեկատվության առկա բացը Մաքսային միության և ձևավորվող Եվրասիական Միության մասին: Ըստ Հայաստանի Եվրասիական շարժման փոխղեկավար Արման Ղուկասյանի՝ ներկայումս ընթացող զարգացումները կարևոր են մեր երկրի համար։ «Այսօր իսկապես շատ կարևոր է հասկանալ, թե  ու՞ր է ընթանում մեր երկիրը՝ հաշվի առնելով Մաքսային միութանն անդամակցելու մտադրությունը և Վիլնյուսում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Այս պարագայում կարևոր է այսօր քննարկել առկա հարցերը»,- ասաց նա։

Զրուցակցիս կարծիքով՝ եվրասիական մերձեցումը չպետք է դիտվի որպես Խորհրդային Միության վերակենդանացման փորձ, այլ  որակապես նոր՝ դեռևս տնտեսական թեքումով միավորման գործընթաց։ 

Իր հերթին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը նշեց, որ իրականացված ուսումնասիրությունները վկայում են մեր երկրի Մաքսային Միությանը անդամագրվելու ակնկալվող դրական արդյունքների մասին՝ տնտեսական առումով: Բացի դրանից՝ հասարակության ճնշող մեծամասնությունը դրական է տրամադրված այս գործընթացների հանդեպ։

Արամ Սաֆարյանը հույս հայտնեց, որ դեկտեմբերի կեսերին կսկսվեն լիարժեք բանակցությունները մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելկու ուղղությամբ և մինչև 2014 թվականի մայիսի վերջը Հայաստանը կդառնա այդ կառույցի անդամ։

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը կարևորեց ներկայումս ակտիվացած մերձեցման գործընթացները՝ մեր երկրի շահերից ելնելով։ Դրական սպասելիքների հետ մեկտեղ այնուամենայնիվ անհրաժեշտ է իրականացնել այս ուղղությամբ գործնական քայլեր՝ սպասելիքները իրականություն դարձնելու համար, ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button