Հասարակություն

Ծխելու դեմ օրենսդրական խստացումները ուժի մեջ կմտնեն հունվարի 1- ից

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ծխելու դեմ պայքարն օրենսդրորեն սկսվել է դեռևս 2004 թվականից, սակայն խնդիրն այսօր էլ շարունակում է մնալ արդիական, քանի որ Հայաստանում տարեկան արձանագրվող հիվանդությունների 20 տոկոսը  ծխախոտի օգտագործման հետևանքով է: Ներկայացնելով այս վիճակագրությունը՝ «Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ չնայած համապատասխան օրենքներին` մեր երկրում ծխելու դեմ պայքարի առումով որևէ գործառույթ չի իրականացվում։

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը կարծում է, որ ծխելու դեմ պայքարը ոչ այնքան օրենսդրական կարգավորման հարց է, որքան քաղաքացիական վարքի և տրամադրվածության: Ավելին՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող կադրերում ծխելու այդքան հաճախակի տեսարանները ոչ միայն բացասական են ազդում պայքարի արդյունավետության վրա, այլև ինչ- որ տեղ նույնիսկ քարոզում են ծխախոտի օգտագործումը, նկատում է ԱԺ պատգամավորը։

Նաիրա Կարապետյանը հույս հայտնեց, որ օրենքի կոշտ կիրառումը կնպաստի ծխողների թիվի կրճատմանը։ Նա կարծում է, որ  պետք է ամեն ինչ անել, որպեսզի ավտոմեքենաներում՝ հատկապես երթուղայիններում և տաքսիներում, վարորդի կողմից ծխելը բացառվի: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Միքայել Մուրադովի հավաստիացմամբ` ճանապարհային ոստիկանությունն ամեն օր է պայքարում վարորդների ծխելու դեմ՝  հայտնաբերելով և արձանագրելով նման դեպքերը։ Նրա տեղեկացմամբ` միայն 2013-ին կազմվել է 350 արձանգրություն, որի 20 տոկոսը վարորդների կողմից ծխելու դեպքերն են։

Ներկայացնելով միջազգային փորձը`առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ շատ երկրներում տուգանվում է ոչ միայն իրավախախտում կատարողը, այլև պատասխանատու ընկերությունը, լինի դա տաքսի ծառայություն, թե՝ հասարակական փակ տարածքի ղեկավարություն:

Նշենք, որ ծխելու դեմ պայքարի խստացում նախատեսող համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1- ից։

Ցուցադրել ավելի
Back to top button