Հասարակություն

Գյուղում մնացել են պառավներն ու էլեկտրիկը, կես կատակ, կես լուրջ ասում են ճակատենցիները

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մարզկենտրոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Սյունիքի մարզի Ճակատեն գյուղը, որտեղ նորածին երեխայի ճիչ վերջին անգմա լսել են վեց տարի առաջ: «Դպրոցում չորս տարի է արդեն առաջին դասարանի դռները չեն բացվել,- ասում է Ճակատենի համայնքապետ Արծրունի Հարությունյանն ու ի պատասխան մեր զարմանքին հավելում,- Երեխաներ կա՞ն, որ դպրոց հաճախեն»։

Ճակատենում այսօր 144 մարդ է ապրում, համայնքն ունի  45 տնտեսություն: «Նախկին աշխույժությունից գյուղում ոչինչ չի մնացել: Հարսանիքի ու ծնունդների փոխարեն միայն թաղումներն են անպակաս»,- դժգոհում են գյուղի բնակիչները։

«Գյուղը ծերանոց է դարձել»,- ասում է համայնքի տարեցներից Անիչկա Սարուխանյանն ու մայրաքաղաքից ժամանած լրագրողների հետ հանդիպման առիթն օգտագործելով  ի լուր աշխարհի պատմում ծերացող ու դատարկվող Ճակատենի  դարդուցավի մասին։

«Գյուղում մնացել են պառավներն ու էլեկտրիկը»,- կատակում է համայնքի նախկին բնակիչներից մեկը, ում համար Ճակատենն այսօր ծառայում է միայն որպես ամառանոց: Մի քանի ամիս երեխաներն այստեղ մաքուր օդ են շնչում, մաքուր սնունդ օգտագործում: «Հրաշք բնություն է, բայց ապրելու համար այդ բնությունն, ավաղ, այսօր շատ քիչ է»,- ասում է զրուցակիցս։

Ցուցադրել ավելի
Back to top button