Քաղաքական

Տրայան Հրիսթեա. ԵՄ- ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մեկ շաբաթ հետո Վիլնյուսում նախատեսված «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանի ՄՄ անդամակցելու ցանկությանն ու նշել, որ գագաթաժողովի ընթացքում կքննարկվի գործընկերության առաջիկա երկու տարվա ծրագիրը և պետք է արձանագրի այն առաջընթացը, որ գրանցել են գործընկերներ երկրները: Նա ասել է, որ ԵՄ- ն  հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը, իսկ համագործակցության ուղիներ կփորձեն գտնել գագաթաժողովից հետո:

«Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունից հետո ևս ԵՄ-ը կշարունակի  մնալ Հայաստանի հետ համագործակցող կազմակերպություն»,- «Վարշավայից դեպի Վիլնյուս. խաչմերուկներում՝ Հայաստան և Վրաստան» հանրային քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԵՄ-ը  հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը և շարունակելու է աջակցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հաստատման հարցում: «Եվրամիությունը հաշվի առավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունը, չնայած, որ ամիսներ առաջ համաձայնության էին եկել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ»: Եվ այսքանով հանդերձ՝ դեսպանի վստահեցմամբ՝ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո փորձելու են գտնել համագործակցության ուղիներ։

«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը ցավով նշեց, որ ԵՄ- ից հրաժարումը մեծ վնասներ կհասցնի։ Հայաստանը հետնահանջ գրանցեց, արդեն նկատել են մարդու իրավունքների պաշտպանության հարցում վատթարացումներ, ասում է նա։ Ըստ Մինասյանի՝ 7 տարվա մոնիտորինգները ցույց էին տալիս, որ ժողովրդավարական հարցերում առաջընթացը դրական չէր, սակայն  Եվրոպան շատ ավելի լավատես էր, քան՝ իրականությունն էր:

«Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն էլ նշեց, որ մոնիտորինգները վկայում են, որ կոշտ խախտումներ են արձանագրվել նախագահական ընտրությունների ժամանակ և մեղմ խախտումներ` խորհրդարանական ու ավագանու ընտրությունների ընթացքում։ Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանը սառեցնում է գործընթացը, ուստի Հայաստանը Վիլնյուասում պետք է ասի, թե ինչ է ուզում, ասաց  Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ում համոզմամբ, այն երկրները, որոնք կնախաստորագրեն համաձայնագիր, կշահեն ու ավելի զարգացած կլինեն, մինչդեռ անհայտ է ՄՄ։ ապագան։ «Հայաստանը  Համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ է և ՄՄ-ը հակասում է ՀԱԿ-ի խաղի կանոններին: Ի՞նչ է, մենք պետք է հրաժարվե՞նք Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից»,- հարցնում է։

Իսկ Վրաստանը պատրաստ է նախաստորագել ԵՄ հետ Ասոցացման ահմաձայնագիրը, վստահեցրեց «Բաց հասարակության Վրաստան» հիմնադրամի քաղաքացիական հասարակության աջակցման ծրագրի համակարգող Վանո Չխիկվաձեն:

Back to top button