Քաղաքական

ՀՀ նախագահն ընդունեց Իրանի էներգետիկայի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Համիդ Չիթչիանին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում:

«Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարևանի և ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում: Մենք այդ հարաբերությունները համարում ենք առանձնահատուկ և ցանկանում ենք խորացնել: Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ, վկայում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության նույնպիսի ցանկության մասին»,-ասել է Նախագահը: Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխշահավետ համագործակցության շրջանակներում իրականացվող էներգետիկ ծրագրերի ընթացքը:

Նախարար Համիդ Չիթչիանը Սերժ Սարգսյանին փոխանցել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և վերահաստատել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Ըստ նախարարի, Հայաստանի Հանրապետության հետ իր երկիրն ունի շատ լավ և ջերմ հարաբերություններ, որոնք տարեցտարի ամրապնդվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button