Հասարակություն

Հայաստանում ՄԻԱՎ- ով վարակվածների 2/3- ը չգիտի իր վարակակիր լինելու մասին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 1- ին նշվող Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ) հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ մեր երկրում կանցկացվի   մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ-ի) վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթը: Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ 1988 թ. ից  մինչև 2013թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1541 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Մասնագետները գտնում են, որ իրականում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500, այսինքն՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 2/3-ը չգիտի իր կարգավիճակի մասին:

Ի դեպ՝ համապատասխան հետազոտությունը անանուն է և  իրականացվում է անվճար: Վիրուսակիր այն մարդիկ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը։

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Գավառ և Երևան քաղաքներում կանցկացվի ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթը: Ցանկացողները ընդամենը 20 րոպեի ընթացքում կհետազոտվեն և կիմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:  Միջոցառմանը ընդառաջ կայացած քննարման ընթացքում տեղեկացվածության կարևորությանը անդրադարձավ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը։

Ըստ «Իրական մարդիկ, իրական աշխարհ» հասարակական կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մադոյանի՝ մեր երկրում ՄԻԱՎ-ի տեսանկյունից առավել  խոցելի խմբերից են աշխատանքային միգրանտները, ովքեր կարող են վարակվել արտերկրում լինելու ժամակահատվածում: Այս մարդկանց մոտ, սովորաբար, հիվանդությունը ուշ է հայտնաբերվում, ինչը դժվարեցնում է հետագա բուժումը։ Մեր տարածաշրջանում ռիսկային խմբում են գտնվում անկանոն սեռական կյանքով ապրող մարդիկ, ինչպես նաև թմրամիջոցներից օգտվողները։

Հիվանդության ուշ հայտնաբերումը կարող է նպաստել դրա տարածմանը, նշում են մասնագետները: Հենց այս պարագայում է կարևոր վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների ձեռնարկումը։

Ցուցադրել ավելի
Back to top button