ԿարևորՔաղաքական

Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները տարբեր երկրների հետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Պատշաճ կարգով եւ ժամանակին հանրությունը կտեղեկացվի ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովին առնչվող հարցերի մասին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նշեց, թե յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր հարաբերությունները հարեւանների, տարբեր երկրների ու կառույցների հետ զարգացնելու ձեւերը: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, «ԵՄ հետ մեր հարաբերությունների առումով` մենք հայտարարել ենք, որ ցանկանում ենք ԵՄ-ի հետ շարունակել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով եւ դրա մասին նաեւ հայտարարության մեջ, որ հրապարակել ենք Բրյուսելում, Քեթրին Էնշթոնի հետ հանդիպումից հետո»։

Արձագանքելով սպասելիքներին առնչվող հարցին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հեռանկարները լավատեսական են: Նախարարը նաեւ հիշեցրեց, որ դրա մասին շեշտել է նաեւ ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Էշթոնը` Բրյուսելում: Հիշեցնենք, որ վերջինս շեշտել էր, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր այն  ուղղություններով, որոնք չեն հակասի Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու առնչությամբ որոշմանը։

ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովին այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Մորելը: «Հայաստանն ինքը պետք է որոշի` արդյո՞ք մասնակցելու է վիլնյուսյան գագաթաժողովին եւ ինչ մակարդակով է ներկայանալու: Իհարկե, Հայաստանը հրավիրվել է եւ երկիրը մնում է Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր գործընկեր»։

Գերմանիայի դեսպանը նաեւ հավելեց, որ չնայած Հայաստանի նախագահի` սեպտեմբերի 3- ի հայտարարությունից հետո հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, բայց ԵՄ-ն պատրաստում է համատեղ հայտարարություն։ Գերմանիան իր ջաները կներդնի, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ Արեւելյան գործընկերության շրջանակներում կարեւոր գործընկեր, վստահեցրեց մեր երկրում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանը։

Դեսպանը Մորելը նաեւ հույս հայտնեց, որ վիլնյուսյան գագաթաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Արձագանքելով Ուկրաինայի վերջին որոշմանն առնչվող հարցին` Ռայներ Մորելն ասաց, թե դա նոր զարգացում է, որը դեռեւս քննարկման փուլում է։

Հայաստանի արտգործնախարարն ու Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանն այսօր  հանդիսավորությամբ բացեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հիմնանորոգված շենքը: Ներկայացնելով կատարված աշխատանքները` դեսպան Մորելը պատկերավորեց, թե այն եղել է որպես վիրահատություն բաց սրտի վրա, քանի որ Գերմանիայի դեսպանատունն աշխատանքների ընթացքում ոչ մի րոպե չի դադարեցրել իր գործունեությունը:

Դեսպանը գոհ էր, որ դեսպանատան աշխատակիցներն անխոնջ դիմագրավել են աշխատանքային բոլոր անհարմարությունները: Նա նաեւ բարձր գնահատեց հայկական եւ գերմանական կապալառու ընկերությունների միջեւ համագործակցությունն այդ ընթացքում։ «Տարեկան մենք վիզաների մասով սպասարկում ենք մոտավորապես 14 հազար այցելուի: Սա խոսում է մեր երկու երկրների միջեւ նաեւ անձնական մակարդակներով փոխադարձ շփումների մեծացման մասին: Սա մի ձեռքբերում է, ինչն այլեւս անշրջելի է»։

Գերմանիայի դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանի ԱԺ կողմից հաստատված վիզաների դյուրացման վերաբերյալ համաձայնագրի շնորհիվ փոխադարձաբար էլ ավելի մեծ հոսքեր կլինեն:

Back to top button