Հասարակություն

Հայաստանի սոցիալական մարտահրավերները. բյուջեի 30 տոկոսն ուղղվում է այս ոլորտին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նորանկախ Հայաստանում պետական բյուջեի եկամուտների շուրջ 30 տոկոսը տարիներ շարունակ ուղղվում է   սոցիալական ոլորտին: Տարբեր ծրագրեր,  աջակցման տարբեր մեխանիզմներ են կիրառվում, սակայն մեր երկրում աղքատությունը  ոչ թե նվազում է, այլ՝ ավելանում: Աղքատության հաղթահարումն էլ հենց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հիմնական մարտահրավերն է՝ ըստ ոլորտի պատասխանատու Արտեմ Ասատրյանի։ «Հիմնական մարտահրավերը աղքատությունն է, որը մեր երկրում 32,5 տոկոս է կազմում։ Սրա հետ շաղկապված՝ գործազրկությունը, աշխատատեղերը, դրանց հետ կապված պրոբլեմները, քանի որ մենք դեռևս ունենք նաև աշխատող աղքատների ու աշխատավարձերի մակարդակ»,- ասում է։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համար տարին կրկնակի հոբելյանական է, այս տարի լրանում է նախարարության հիմնադրման 95 և ՀՀ-ում սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների ձևավորման 20-ամյակը:  Ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները վերհանելու, լուծման մեխանիզմները լսելու, առաջիկա տարիներին աշխատանքները կազմակերպելու նպատակով այսօր կլոր սեղանի շուրջ էին հավաքվել շահագրգիռ բոլոր կողմերը։ Առանձնացված թեմատիկ 11 սեղանների մասնակիցները քննարկում, վերհանում էին բոլորիս հետաքրքրող ու հուզող հարցերը, որոնք ծառացած են Հայաստանի ու  նրա բնակչի առջև՝ միգրացիա, կենսաթոշակային բարեփոխումներ, սոցիալական բնակարաններ,  ընտանիք, սոցիալական ինտեգրված ծառայություն և ընդհանրապես սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացում:

Թեմատիկ սեղաններից մեկի շուրջ հավաքված մասնագետները քննարկում, փորձում  էին վերհանել վերջին տարիներին ավելի սրված  արտագաղթի հետ կապված հարցերը: Ինչո՞ւ են մարդիկ հեռանում Հայաստանից, որո՞նք են դրա հիմնավոր պատճառները: Հարցի պատասխանը թերևս գիտի մեզնից յուրաքանչյուրը՝ գործազրկություն,  իսկ ավելի գլոբալ՝ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով են հետռանում Հայաստանից:  Վանաձորի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալ  Արմեն Ավետյանը նաև այլ, այսպես ասենք, հարակից խնդիրներ է առաջ քաշում, օրինակ, երեխաները բուհ են ընդունվել, ընտանիքը չկարողանալով ուսման վարձը վճարել,  Հայաստանում էլ աշխատանք չգտնելով, մեկնում է արտագնա աշխատանքի։

Զրուցակիցս ողջունում է  կառավարության նախաձեռնած ուսանողական վարկերի ինստիտուտի ներդրումը, առողջապահական ապահովագրության ինստիտուտի ներդրումը ևս կարևորոմ է, քանի որ շատ հաճախ  ընտանիքի անդամներից որևէ մեկը մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի հոգա  ընտանիքի հիվանդ անդամի բուժման ծախսերը: Մի խումբ էլ Հայաստանից հեռանում է՝ հուսալով, որ դրսում աշխատելով գումար կհավաքի ու  Հայաստանում բնակարան կգնի։ Բնակարան ձեռքբերելն  այսօր շատերի համար է անհասանելի երազանք, պետությունը փորձում է սոցիալական բնակարանների տրամադրմամբ սոցիալական որոշակի շերտերի համար որևէ կերպ հարցը կարգավորել: Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն ՊՈԱԿ է հիմնադրվել, որն էլ մանկատան շրջանավարտների, միայնակ տարեցների ու սոցիալապես  խոցելի այլ խավերի  սոցիալական բնակարաններ է տրամադրում:

Վերջին շրջանում  մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու համար Մարալիկում հիմնվեց սոցիալական թաղամաս, 59 բնակարան  տասը տարի ժամեկտով արդեն իր ժամանակավոր բնակիչներին գտել է։ Ժամանակավոր, քանի որ այն  մանկատան շրջանավատներին տրամադրվում է տասը տարով: Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն ՊՈԱԿ-ի  իրավաբան Արամ Խաչատրյանը  նշում է, որ իրենց հիմնական խնդիրներից մեկը  մանկատան շրջանավարտներին համոզելն է, որ Մարալիկ տեղափոխվեն։ «Նրանց մենք հասարակությունից չենք մեկուսացնում, պարզապես կայանալու հնարավորություն ենք տալիս»,- ասում է զրուցակիցս եւ վստահեցնում՝ այնտեղ նրանք առանց աշխատանքի չեն մնա,  չնայած մանկատան շրջանավարտների մի մասը պարզապես աշխատել չի ցանկանում։ «Մարալիկում բամբակամանվածքային գործարան կա, եթե չեմ սխավում, խալի են գործում։ Տնօրենն ասում է, որ խնդիր չկա, ցանկացած ժամանակ, աշխատանքի կընդունեմ, ովքեր կդիմեն»։

Մանկատանը մեծացած  երեխաները  զուրկ են ընտանեկան ջերմությունից, մինչդեռ «Մարդու երջանկությունը սկսվում և ավարտվում է ընտանիքում,ընտանիքից դուրս  մարդը չի կարող լիարժեք երջանիկ լինել»,- ասում է   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:  Վերջինս  հայ ընտանիքում հատկապես կարևորում է սերունդների  համերաշխությունը։ «Շատ կարևորում եմ այդ համերաշխությունը, որովհետև ես մեծ ընտանիքում եմ մեծացել, դաստիարակվել: Կարծում եմ՝ ցանկացած մարդու կայացման համար իր տատիկի դաստիարակությունը, իր   պապիկի խորհուրդները կարևոր են: Ես կուզենայի, որ այս սերունդներն իսկապես կարողանան այդ համերաշխությամբ դաստիարակվել, նրանք ավելի ուժեղ, ավելի լիքը, ավելի հասուն կդառնային հաստատ: Մեր ընտանիքում համերաշխ ապրում է  երեք սերունդ»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button