Հասարակություն

Իրավապաշտպանները հարցականի տակ են դնում քաղաքապետարանի շինթույլտվության հիմնավորումները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեւանի Սայաթ- Նովա փողոցի  10-12 հասցեների բնակիչները շարունակում են թակել պետական և ոչ պետական կառույցների դռները իրենց բնակավայրում կատարվող շինարարական աշխատանքները դադարեցնելու նպատակով, մինչև որ կվերանան, իրենց ձևակերպմամբ, առկա  խախտումները:  Հարցին իրավաբանորեն լուծում տալու համար դիմել են  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն, որն էլ  հորդորել է  Երևանի քաղաքապետին  կասեցնել  շինաշխատանքները, մինչև կվերացնեն խախտումները, սակայն որեւէ արձագանք չի  ստացվել:

Քաղաքապետարանին  ուղղված նամակի պատասխանի վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 24-ն է: «Մի’ պատասխանեք, ամսի 24-ը իմ պատասխանի վերջին օրն է, եթե չպատասխանեք, ապա վարչարարության օրենսգրքի 48 հոդվածի համաձայն ես ձեռնամուխ կլինեմ, որ այդ որոշումն ընդունվել է և այդ շինթույլտվությունն անվավեր է հաստատվել և այդ հայցով կմտնեմ դատարան»,- ասում է Սայաթ-Նովա 12 հասցեի բնակիչների ներկայացուցիչ  Ալբերտ Կանդալյանը։

Դատարան դիմելը անարդյունավետ է համարում  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը. վառ ապացույցը Կոմիտաս 5-ի բնակիչների դեպքն է, երբ շինարարության դեմ պայքարող  բնակիչները հասան նրան, որ վարչական դատարանը որոշեց, որ նրանք 40,600 դոլար պետք է վճարեն կառուցապատողին՝ շինաշխատանքները խոչընդոտելու  համար: Փաստաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ նույն վտանգն էլ սպառնում է Սայաթ-Նովայի 10-12 հասցեի բնակիչներին։

Իրավապաշտպան կազմակերպությունը  դատապարտում է քաղաքապետի` մայրաքաղաքի սրտում  շարունակաբար իրականացվող բազմաբնակարան  շենքերի կառուցումը թուլատրելու քաղաքականությունը և բարձրաձայնում, որ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքապետարանն առանց հիմնավորումների կտրոնների նման դակում է շինթույլտվությունները:

Իրավապաշտպան կազմակերպության կոչն է կառավարությանը  ուսումնասիրել այս արտագաղթի պայմաններում և աղքատության շեմին գտնվող ժողովրդի համար այսքան մեծ թվով նորակառույցների անհրաժեշտությունը,  հատկապես, երբ  երևանյան շատ փողոցների`  Կոնդի, Արամի, Բյուզանդի բնակիչներ գտնվում են բաց երկնքի տակ, իսկ մնացածն էլ չեն ստացել իրենց համարժեք փոխհատուցումը։

Նամակում իրավապաշտպան կենտրոնը մեջբերել է նաև քաղաքապետի այն  խոսքերը, որ չեղյալ են համարվում քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնք ժամանակին տրվել են  բակային տարածքներում կառուցապատում իրականացնելու նպատակով: Սակայն այսօր՝ խոսքին  հակառակ,  բազմաբնակարան բնակելի  շենքերի տարածքում,  բակային  տարածքի հաշվին նոր շենքեր են վեր խոյանում: Իրավապաշտպան կազմակերպության խնդրանքն   է կառավարությանը` քաղաքապետարանից պահանջել  շինարարության թույլտվություն տրամադրելու հիմնավորումները:

Փաստաբանների պալատի փաստաբան Ալբերտ Կանդալյանն էլ նշեց,  որ կառուցվող  բազմաֆունկցիոնալ հյուրանոցի կառուցումը, բնակիչների սեփականություն հանդիսացող  բակում, օրինախախտում է։ Ըստ նրա` կառուցապատողները խախտել են «Քաղաքաշինության մասին» օրենսգիրքը, կառավարության որոշումները: Տեղեկությունների համաձայն`Սայաթ-Նովա 12 շենքի բակի խաղահրապարակը պատրաստվում են քանդել և կառուցել  ավտոճանապարհ։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ տարածքում չորս  ավտոճանապարհ կա, սակայն փաստաբանը պնդում է, որ, ըստ շինարարական նախագծի, իրականում այնտեղ միայն մեկ ավտոճանապարհ կա։

Ցուցադրել ավելի
Back to top button