Քաղաքական

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ չարեց Եվրոպան, որ «Արևելյան գործընկերության» երկրները հերթով հրաժարվում են Ասոցացման համաձայնագրից. ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ- ական պատգամավոր  Հայկ  Բաբուխանյանն ասում է, որ  Եվրոպան ոչինչ չարեց, այլ 20 տարի շարունակ մեզ  վնաս բերեց: Պատգամավորը թվարկում է Եվրոպայի  տված վնասներից մի քանիսը` Եվրոպան աշխատում է հայ հասարակությունը, ընտանիքը և  եկեղեցին քայքայելու ուղղությամբ:  Քայքայեց  մեր կրթական-գիտական համակարգը, Միջազգային արժութային ֆոնդն էլ  բերեց հայկական տնտեսության քայքայման, ասում է։ «Եվրոպան ասում է իբրեւ թե վերջին քսան տարին իր աշխատանքները տարել է դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, բայց նույնիսկ այս հարցում, գոնե մեր ընդդիմությանը լսելով, կարող ենք ասել, որ այստեղ էլ չի հասել արդյունքի»:

Եթե Հայկ Բաբուխանյանը հերթով թվարակում է Եվրոպայի վնասները, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  նշում է, որ Հայաստանը չպիտի շարունակ բանակցեր ԵՄ-ի հետ: Ըստ  նրա՝ Եվրոպայի բացն այն էր, որ երբ սկսեց համագործակցությունը՝  չառաջարկեց անվտանգության երաշխիքներ: Լյուդմիլա Սարգսյանի գնահատմամբ՝ Եվրոպան   գոնե պետք է ենթադրեր, որ եթե ընտրություն լիներ բարեկեցիկ տնտեսական ապագա՞, թե՞ անվտանգություն, ապա  Հայաստանը պիտի ընտրեր անվտանգությունը։ «Հայաստանն իրավունք չուներ այդքան խաղերի մեջ մտնել ԵՄ-ի հետ՝ լավ հասկանալով, որ գոյատևում է մի տարածաշրջանում, որտեղ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է»,- ասում է։

Օրերս ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանը ընտրեց ՄՄ- ն, քանի որ այնտեղ իր շահը տեսավ: ՀԱԿ պատգամավոր ԼյուդմիլաՍարգսայանը չնայած  կողմնակից, որ Հայասատանն անդամակցի ՄՄ- ին, բայց  հարցին մոտենում վերապահումով։ «Եթե չանդամակցեր՝ ՀՀԿ- ն կկորցներ իշխանությունը»,- ասում է:

Արդեն անդրադառնալով Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ ՌԴ կողմից ճնշումներ կան։ Իսկ Հայկ Բաբուխանյանն ասում է, որ  ոչ Հայաստանի, ոչ էր Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից ճնշումներ և սպառնալիքներ չեն եղել, վկայություն է  բերում Վլադիմիր  Պուտինի Հայաստան կատարելիք այցը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիս է Հայաստան` ընդգծելու Հայաստանի կարեւորությունը, նաեւ ցույց տալու համար, որ Հայաստանի հետ չի կարելի խոսել շանտաժի լեզվով, չի կարելի սպառնալիքներ տեղալ»,- կարծում է Բաբուխանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button