Հասարակություն

Էլեկտրացանցերի լուծարված դեպատրամենտի աշխատակիցների խոստանում են տեղավորել, նրանք՝ չեն հավատում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Հայաստանի էլեկտրացանցեր»  փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը  որոշել է լուծարել է Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը, ինչի արդյունքում  աշխատանքից ազատվելու վտանգի առջև են հայտնվել  այս ծառայության 41 աշխատակիցները: Լուծարման որոշմանը  նրանք  տեղեկացել են երկուշաբթի՝ սովորականի նման աշխատանքի գալով:

Անսպասելիորեն աշխատանքից զրկված աշխատակիցները երեկ  բողոքի ակցիա են  կազմակերպել ընկերության  կենտրոնական գրասենյակի դիմաց, այսօր նրանցից մի քանիսը հանդիպել են լրագրողների հետ: Ընկերության աշխատակիցներից Վալերի Սարգսյանը նշել է, որ իրենք պահանջում են  վերականգնել   լուծարված դեպարտամենտը  և պայքարում են ոչ թե բարեփոխումների դեմ , այլ իրենց աշխատանքային խախտված իրավուքները վերականգնելու համար։ «Երկուշաբթի առավոտյան հայտնեցին, որ աշխատանքից ազատված ենք։ Մարդիկ անակնկալի եկան. 41 հոգու ազատել մեկ ակնթարթում, դա ուղղակի բարոյալքեց աշխատակիցներին»:

Խոշոր սպառողների սպասարկման դեպարտամենտը սպասարկում է հայաստանյան բոլոր խոշոր սպառողներին,  հաշվարկում է ելքի ու  մուտքի  ծախսերը, ապահովում  է էլեկտրաէներգիայի մատակարարումը  վթարային ռեժիմների ժամանակ: Այս դեպարտամենտը լուծարելու որոշումը ընկերության ղեկավարությունը հիմնավորում  է  աշխատանքի օպտիմալացման պահանջով. միջմասնաճյուղային բաժանման կետերում տեղադրվել են նոր հաշվիչներ, որոնք նվազեցրել են մարդկային գործոնի անհրաժեշտությունը։ Աշխատակիցներն այս մեկնաբանությունը չեն ընդունում՝ նշելով, թե դեպարտամենտը բազմաթիվ այլ գործառույթներ է  իրականացնում։

Ի դեպ՝ աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո  «Հայաստանի էլեկտրացանցեր»  ընկերության ղեկավարությունն աշխատանքից ազատված էներգետիկներին խոստացել է աշխատանքի տեղավորել ընկերության այլ ստորաբաժանումներում: Այս խոստմանը լուծարված դեպարտամենտի աշխատակիցները չեն հավատում ՝ նախորդ տարիների համանման նախադեպեր մատնանշելով: Նրանց պահանջը  լուծարված դեպարտամենի վերականգնումն է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button