Հասարակություն

Երեւանում մեկ գիշերում երկու բռնություն «Շտապօգնության» բժիշկների նկատմամբ

Նոյեմբերի 21-ին, ժամը 00:53-ին Սասունցի Դավիթ նրբ. 35 տուն հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ «Շտապբուժօգնություն կանչ է է գպանցվել։ Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս դիմել է 1-03 ծառայությանը` թոք-սրտային անբավարարություն ախտորոշումով: Մոտակա ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, և բժշկուհի Ժաննա Բաբայանի բրիգադը մեկնել է նշված հասցեով: Բրիգադը հիվանդի մոտ է հասել 17 րոպեում: Մինչև շտապօգնության հասնելը հիվանդը մահացել է, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Մեքենայից իջնելուն պես հիվանդի տղամարդ հարազատներից մեկը բժշկուհու հագուստից բռնելով, քարշ տալով ներս է տարել,  սպառնացել  դանակով և հայհոյել: Շտապօգնության վարորդին հաջողվել է դանակը խլել  սպառնացողի ձեռքից: Առողջապահության նախարարությունը դեպքի մասին տեղյակ է պահել ոստիկանությանը, իսկ առավոտյան բժշկուհին ոստիկանության ուղեգրով դիմել է դատաբժշկական քննության:

Առողջապահության նախարարությունը հայտնում է նույն օրը տեղի ունեցած մեկ այլ միջադեպի մասին։ Ժամը 13:52-ին Դավիթաշեն 5փող. 25ա ասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ 1-03 ծառայությունում գրանցված կանչին մեկնել է բժիշկ Գագիկ Ներսիսյանի բրիգադը եւ նշված հասցե է հասել 6 րոպեում: Բժշկի ներս մտնելուն պես հիվանդը շնչահեղձ լինելով ասել է, որ 40 րոպե խնդրել է հարազատներին շտապօգնություն կանչել: Առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահացել է։ Բժշկի կողմից կատարված վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներն արդյունք չեն տվել: Երբ դրա մասին հայտնել են հիվանդի որդուն, նա հարձակվել է բժշկի վրա, հարվածել գլխին, կրծքավանդակին: Այս պահին բժիշկը  գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքում:

Առողջապահության նախարարությունը տեղի ունեցած դեպքերը վայրագություն է որակել եւ խստորեն դատապարտել է բժշկի նկատմամբ «ցանկացած ոտնձգություն, առավել ևս վայրագության հասնող  նման գործողությունները»։

«Առողջապահության նախարարությունը հետամուտ կլինի բուժաշխատողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի յուրաքանչյուր միջադեպի նկատմամբ։ Վստահ ենք, որ իրավապահ մարմիններն անհետևանք չեն թողնի յուրաքանչյուր նման դեպք և առավել խիստ կմոտենան բուժաշխատողների հանդեպ ոտնձգություն կատարած անձանց նկատմամբ։ Միաժամանակ բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք։ Իսկ հիվանդների հարազատներին կոչ ենք անում հարգալից վերաբերել բուժաշխատողներին, ձեռնպահ մնալ միջամտելու կամ որևէ այլ կերպ խոչընդոտելու նրանց պատասխանատու և մարդասիրական գործը»,- ասված է ԱՆ տարածած հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button