Հասարակություն

Քննարկվել են աշակերտին թատրոն բերելու տարբերակները

«Դրամաքահավաքությունն արգելվել է, որովհետև հնարավոր չէ հսկել՝ ուր են գնում այդ գումարները: Եվ փորձը ցույց է տաիս, որ եթե դրամահավաքությունը լիովին չի արգելվում, այլ թողնվում է ճկուն համակարգի, ապա այն արդյունավետ չէ: Հատկանշական է, որ թատերական գործիչների համագումարից ընդամենը մեկ օր առաջ Աղվերանում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ես ինքս եմ բարձրաձայնել այդ խնդիրը՝ նշելով, որ դրամաքահավաքության արգելքն ունեցել է նաև իր բացասական հետևանքը. արդյունքում տուժել է աշակերտը, քանի որ նա զրկվել է թատրոն  և թանգարան այցելելու հնարավորությունից»,- այսօր հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը թատերական գործիչների հետ հանդիպման ժամանակ։

Օրերս Թատերական գործիչների համագումարում խոսվել էր, որ դպրոցներում թատրոնի աբոնեմեների վաճառքի արգելքի պատճառով աշակերտները զրկվում են թատրոն գնալու, մշակութային կյանքին շփվելու հնարավորությունից։

Արմեն Աշոտյանն առաջարկել է թատերական գործիչների, նաեւ մշակույթի նախարարության հետ համատեղ մտածել խնդրի լուծման տարբերակնեի մասին։ Տարբերակներից մեկը, ըստ նրա,  կարող է լինել առաջիկա տարիներին պետական բյուջեում կրթությանը տրամադրվող ֆինանսական ծախսերում պարտադիր մշակութային բաղադրիչի ներառումը և այդ գումարի տնօրինման բացառապես մշակութային ուղղվածությունը՝ այդպիսով երաշխավորելով աշակերտների մասնակցությունը մշակութային միջոցառումներին:

Հանդիպման մասնակիցները՝ Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի ղեկավար  Հակոբ Ղազանչյանի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը նշել են, որ անհրաժեշտ է  հաստատել թատրոնների և ներկայացումների՝ դպրոցականների համար երաշխավորված ցանկ, որը կունենա ուսումնադաստիարակչական բնույթ:

Թատերական գործիչներն առաջարկել են ոչ թե արգելել դպրոցներում թատրոնի տոմսերի վաճառքը, այլ ուղղակի մեխանիզմներ մշակել, որպեսզի այդ վաճառքը չնպաստի դրամահավաքությանը: Նրանց  խոսքով՝ աշակերտների՝ մշակութային օջախներ չայցելելը չափազանց մեծ վնաս է հասցնում մատաղ սերնդին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ ու նույնիսկ պարտադիր է, որ  աշակերտը թատրոն գնա, քանզի այսօրվա դպրոցականը վաղվա մեր հանդիսատեսն է:

Ցուցադրել ավելի
Back to top button