Հասարակություն

Ցեցը վնասել է Արմավիրի ցանքատարածությունները

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի համայնքներում տեղական բյուջեի համալրման  հետ կապված դեռ խնդիրներ կան:  Կան համայնքներ, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերը ցածր են 50 տոկոսից, պարտքեր կան աշխատավարձի, վարձակալական հողերի, գույքի եւ հողի հարկերի գծով:  Իսկ համայնքների մեծ մասում բյուջեները կատարվել են մինչև 90 տոկոս: Արտիմետ համայնքում սեփական բյուջեի կատարողականը գրեթե 90 տոկոս է,  չնայած գյուղում ցեց հիվանդության պատճառով նվազել են հիմնական մշակաբույսի` կարտոֆիլի տարածքները։

Ցեցի դեմ պայքարի քիմիական  որևէ միջոց օգուտ չտվեց:  Արդյունքում կարտոֆիլի ցանքերն այս տարի գրեթե կիսով չափ նվազեցին, փոխարենը ավելացավ հացահատիկի արտադրությունը: Արտիմետ համայնքի ղեկավարի տեղակալ Հարութ Սահակյանը նշեց, որ ցեցի  վարակի պատճառով այս տարի կարտոֆիլի ցանքատարածքներում ցանվել է ցորեն, որը 92 հա-ից  հասել է մինչև 158 հա-ի, 3 հա-ում էլ` գարի: Մնացած   կարտոֆիլի տարածքներում  ցեցը չվերացավ և վնասեց ոչ միայն  կարտոֆիլը, ալև լոիկն ու  պղպեղը։

Լոլիկի   1 հա-ի միջին բերքատվությունը կազմել է 22-24տ, որը շատ ցածր ցուցանիշ է Արարատյան դաշտավայրի համար, քանի որ նախկինում  1 հա-ից միջինը հավաքել են  մինչև 70 տոննա բերք: Մորմազգիների վնասատուն հասել է նաև  տնամերձ հողամասեր և ջերմոցային տնտեսություններ`  վնասելով պղպեղը: Ցեցի դեմ պայքարի միակ միջոցը մնում է   վարակված հողերում ցանքաշրջանառություն կատարելը, այսինքն ` մի քանի տարի գյուցացիները պետք է հրաժարվեն մորմազգի մշակաբույսեր ցանելուց:

Գյուղաջակցության Արմավիրի մարզային կենտրոնի խորհրդատու Սիմոն Ասատրյանը նշեց, որ ցեցը մարզում տարածվել է ներկրված սերմերի և ստվարաթղթե տարրաների միջոցով։ Վարակված հողերում ցանքաշրջանառությունը պետք է կատարել դդմազգիների ընտանիքի մշակաբույսերով կամ առվույտով,  որը հարստացնում է հողը: Արտիմետում դդմազգիներից  շուրջ 70 հա- ի  վրա մշակում են ձմերուկ: Գյուղաջակցության խորհրդատուն առաջարկեց ցանաշրջանառությունը կատարել համատարած ձևով:

Ցեցի վնասատուն Էջմիածնի տարածքից հասել է նաև Արմավիրի  գյուղերի մշակովի  ցանքատարածքներ: Արտիմետ  համայնքի ղեկավարի տեղակալը նշեց, որ իրենց հողերը բարձրորակ  և 2-րդ-3-րդ կարգի հողեր են, իսկ ոռոգումն էլ կազմակերպում են խորքային հորերի միջոցով, 17 խորքային հորից 1-o չի աշխատում: Անդրադառնալով համայնքի բյուջեի կատարմանը` Արտիմետի գյուղապետի տեղակալ Հարութ Սահակյանը  ասաց, որ  բյուջեն  լավ ցուցանիշ է ունենում ապրիլից հետո, երբ ջերմոցային բույսերը հանվում են  շուկա, իսկ աշնանը բերք չունեն:

Տարվա ավարտին  տեղական բյուջեների կատարմանը հետամուտ է  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզում բարձր ցուցանիշ գրանցելու ակնկալիքով. «Մինչև տարվա վերջ տեղական բյուջենորը պետք է կատարել 100 տոկոսով»:

Ցուցադրել ավելի
Back to top button