Հասարակություն

Կարմիր բլուրը բացահայտում է նոր գաղտնիքներ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կարմիր բլուրում իրականացված եռամսյա հնագիտական պեղումների արդյունքում բացահայտվել է հսկայական դամբարանադաշտ, որը, ինչպես նշում է պեղումներ իրականացնող խմբի ղեկավար մշակույթի նախարարության   «Պատմամաշակութային ժառանգություն»  գիտահետազոտական կենտրոնի   տնօրեն Հակոբ Սիմոնյանը, գիտական հզոր արժեք ներկայացնող երևույթ է։ Տարածքում հայտնաբերված հնագիտական նյութն այսուհետ կարող են պատասխանել բազմաթիվ հարցերի, օրինակ՝ ովքեր են ապրել այս տարածքում, ինչպիսի պատկերացումներ են ունեցել հանդերձյալ կյանքի մասին, թաղման ինչպիսի ծես են իրականացրել։

Ք. Ա  5- րդ դարում հայակական լեռնաշխարհում ձևավորվեց աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը, որը կոչվում էր Վանի թագավորություն, օտար աղբյուրներում՝ ավելի հայտնի Ուրարտու անվամբ: Վանի թագավորության վերջին փուլում հիմնված  խոշորագույն կենտրոնը Թեյշեբա աստծուն նվիրված  Թեյշեբաինի քաղաքն է: Այն Երևանի ներակայիս տարածքում գտնվող հայտնի Կարմիր բլուրն է։ Հակոբ Սիմոնյանն ասում է , որ Վանի թագավորությունը մշտապես եղել է աշխարհի գիտական կենտրոնների ուշադրության առանցքում, սակայն այս հսկայական տարածքում առ այսօր հայտնի չէր ամբողջությամբ պեղված գոնե մեկ դամբարանադաշտ:

Իրավիճակը փոխեց  Երևանը շրջանցող արագընթաց ճանապարհի կառուցման նախագիծը, որի համաձայն՝ նոր ճանապարհը  կարող է անցնել միայն Կարմիր բլուրի համապատասխան հատվածով։ «Մենք հրաշալի գիտեինք Կարմիր բլուրի պատմությունը, ծանոթ էինք ամրոցի պաշտպանական համակարգին, բայց չգիտեինք՝ ովքեր են ապրել այս տարածքում, ինչպիսի պատկերացումներ են ունեցել հանդերձյալ կյանքի մասին, թաղման ինչպիի ծես են իրականացրել»,- ըստ հնագիտական խնբի ղեկավարի՝ այս բոլոր հարցերին կարող է պատասխանել հայտնաբերված դամբարանադաշտը:

Երեք ամիս տևած հնագիտական աշխատանքների արդյունքում  գիտնականներն արդեն երեք տասնյակ գերխիտ դասավորված դամբարաններ են պեղել: Ենթադրվում է, որ միայն կառուցվող ճանապարհի տակ ընկած հատվածում շուրջ 500 դամբարան կա։ Վանի թագավորների կողմից Արարատյան դաշտն ընկալվել  է որպես շտեմարան, որտեղ պատրաստվել են ամենաընտիր գինիները: Հակոբ Սիմոնյանի խոսքով՝ միայն Կարմիր բլուրի  մառաններում պահպանվել է կես միլիոն լիտր գինի: Հացահատիկի հսկայական պաշարներ են կուտակել այստեղ։

Դամբարաններում հայտնաբերված կարևորագույն գտածոններից գիտնականն առանձնացնում է 4 կուռքերը, դրանք տուֆե  սալիկներ են՝ աչքեր հիշեցնող  փոսիկներով: Ենթադրվում է, որ կուռքերը պահպանել են մեռյալների հանգիստը։ Արդյո՞ք դամբարաններում թաղված մարդիկ պատկանում են նույն ընտանիքին, ազգությանը, թե՞ միանգամայն տարբեր էթնիկ խմբերին պատկանող մարդիկ են։ Հարցերին կպատասխանեն ԴՆԹ հետազոտության արդյունքները: Փորձանմուշներն արդեն ուղարկվել են Կոպենհագեն:

Հակոբ Սիմոնյանի խոսքով՝ Կարմիր բլուրն ամփոփում է  բացառիկ հնագիտական նյութ, որը կարող է պատասխանել բազմաթիվ հարցերի: Մոտավոր հաշվարկներով՝ Կարմր բլուրի դամբարանադաշտից կարող են դուրս բերվել  շուրջ 5000 գտածոները: Իսկ որտե՞ղ են դրանք պահպանվելու: Սա արդեն բարդ խնդիրների ցանկից է: Գիտնականի համոզմամբ՝ վաղուց ժամանակն է , որպեսզի հզոր մշակութային անցյալ ունեցող Հայաստանն ունենա Մարդաբանական և Ուրատագիտության կենտրոններ: Վերադառնալով Կարմիր բլուրում իրականացվող պեղումներին՝ Հակոբ Սիմոնյանն  ասում է ՝ ինչպես Եվրասիական բանկը, այնպես էլ Երևանի քաղաքապետարանը խոստացել են, որ «որևէ հուշարձան չի ավերվի, տարածքն ամբողջությամբ կպեղվի, որից հետո միայն կկառուցվի ճանապարհը»։

Ցուցադրել ավելի
Back to top button