Մշակույթ

Երեւանը եւս միացավ ֆրանսիական «Բոժոլիեի» տոնակատարությանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի բարձր հովանու ներքո այսօր Երեւանում անցկացվում է ֆրանսիական «Բոժոլիե» տեսակի գինու տոնակատարությունը: Այս միջոցառումը նշվում է աշխարհի մոտ 120 երկրում: Հայաստանում երկրորդ անգամ է տեղի ունենում նման միջոցառում: Այս տարի հանդիսությունը համատեղվել է ֆրանսահայ գործարարներ Լեւոն Բաղդասարյանի եւ Վարուժան Սարգսյանի հիմնադրած «Սաբերատուր Սեւան» գործակալության 25, «Եվրոպա հոթել»-ի եւ «Էքզեքյուտիվ թրավել»-ի 10-ամյա հոբելյանների հետ։

Դեսպան Անրի Ռենոյի խոսքով` ֆրանսահայ գործարարներ Լեւոն Բաղդասարյանն ու Վարուժան Սարգսյանն իրենց գործը Հայաստանում հիմնադրել են երկրի համար ամենածանր ժամանակահատվածում, սակայն կարողացել են կայացնել այն: «Նրանց ձեռնարկի հիմքում հայ-ֆրանսիական բարեկամությունն է եւ նրանց հաջողվել է զգալիորեն նպաստել հայ- ֆրանսիական կապերի ամրապնդմանն ու խտացմանը»,-շեշտել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։


Ֆրանսիական «Բոժոլիե» գինին կարելի է համարել հայկական մաճառի, այսպես ասած, ազնվականացված տեսակը: Այն գինու սիրահարներին հասանելի է միայն յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրվանից։ Դրա մասին հատուկ որոշում Ֆրանսիայի կառավարությունն ընդունել է մոտ 5 տասնամյակ առաջ` 1945 թվականին: Գինու այս տեսակը ուժի մեջ է միայն 6 ամիս: Հենց սա հաշվի առնելով` գինու մուտքը սրճարաններ ու ռեստորաններ նշվում է մեծ հանդիսություններով: 

 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button