ԿարևորՀասարակություն

Բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, ասում է վարչապետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Մինչև դեկտեմբեր Հայաստանը պետք է  Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզ ունենա»-,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է  ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և  Ռուսաստանի փորձագետներից կազմված աշխատանքային խումբ է ձևավորվել: Աշխատանքների հիմնական մասը, սակայն, հայ մասնագետների ուսերին է ծանրացած։

Արդեն ավանդույթ  է  ձևավորվել՝  «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստանում են բողոքի ակցիաներից հետո միայն: Վերջին անգամ նրանք նախագահի նստավայրի առջև էին հավաքվել ու  աշխատավարձ  ստացել: Անցել է  երկու ամիս, հերթական աշխատավարձը նրանց  վաղն են խոստացել, այս  անգամ  նրանք հավաքվել էին էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության շենքի առջև։ Գործարանի արհմիության նախագահն ու մի քանի աշխատակիցներ այսօր վաղ առավոտյան  իրենց  դժգոհությունը էներգետիկայի ու բնական պաշարների նախարարին են փոխանցել, վերջինս էլ նաիրիտցիներին  աշխատավարձ է խոստացել։

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո նաիրիտցիների մոտ հույս է արթնացել, գուցե նոր ներդրողներ հայտնվեն ու իրենց  վիճակը փոքր-ինչ կթեթևանա: Ի դեպ՝ մԻնչև դեկտեմբեր Հայաստանը պետք է  Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզ ունենա, այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ   աշխատանքային խումբ է ձևավորվել, որի նպատակն է քննարկել ՀՀ- ի Մաքսային միությանն անդամակցելուն ու Միասնական տնտեսական տարածքին վերաբերող հարցերը: Աշխատանքային խմբի մեջ ընդգրկված են Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները: «Քանի որ դեկտեմբերի հինգին նախատեսվում է  աշխատանքային խմբի առաջին հանդիպումը,  դա նշանակում է, որ մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու  մեր անելիքները ըստ ո;որտների, մեր կարողությունները, թե ինչ ժամանակահատվածում  կկարողանանք իրականացնել գործընացը, որպեսզի հասցնենք  դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և ներկայացնենք հաստատմանը: Սա մեր մոտակա անելիքն է` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը։

Հայաստանում ռուսական ռազմաբազայի տարածքների ընդլայնման նպատակով  այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը։ Ըստ նախագծի՝ Ռուսական կողմին փոխանցվեց  Գյումրու Սվերդլովի   փողոցում գտնվող  N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի   ռազմական ավանը, ինչպես նաև  տարածքներ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու նպատակով։ Ըստ նույն նախագծի՝ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից հանվեց Շիրակի մարզի Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը և վերադարձվեց  հայկական կողմին։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ հավանություն տրվեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում»,- հայտարարեց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը։ «Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի»,- ասում է վարչապետը։

Կառավաությունը շարունակում է   ծխախոտի տարածման դեմ պայքարել: Այսօր հաստատված օրինագծով նախատեսում է արգելել ծխախոտային ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: Կառավարության ղեկավարն անհանգստացած է՝ առողջապահական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամեն տարի հազարվոր մարդ է մահանում  ծխախոտի պատճառով։ Միաժամանակ նաև տարակուսած է՝   հասարակական կազմակերպություններն այս խնդրի շուրջ ձայն չեն հանում։ «Զարմանալի է՝ ՀԿ- ների ձայնը գիշեր- ցերեկ լսում ենք էն դեպքում, երբ ռիսկերը, եթե համադրենք առարկայական, ամեն օր մարդ է  մահանում։ Առողջապահական վիճակագրությունն է դրա մասին ասում, բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան՝ բնապահպանական ցանկացած այլ երևույթի։ Պայմանավորվենք, որ մենք այս հարցը պահելու ենք ուշադրության կենտրոնում, որպեսզի հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծվի, որպեսզի մեզ օժանդակություն ցույց տան այս հարցում»,- ասում է Տիգրան Սարգսյանը։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց,  որ   պետական բյուջեում  դրամաշնորհային ծրագրեր են  ներառված, որպեսզի հասարակական կազմակերպություններն ավելի ակտիվ լինեն։

Կառավարության որոշմամբ՝ դեկտեմբերի 30-ը Հայաստանում հայտարարվել է ոչ աշխատանքային, փոխարենը՝ աշխատանքային է լինելու 2013 թվականի դեկտեմբերի 28-ը:  Այսպիսով՝ քաղաքացիները Ամանորի նախաշեմին կհանգստանան դեկտեմբերի 29- ից հունվարի 7- ը։ Հունվարի ութն արդեն աշխատանքային է հայտարարված: Մեկ նախագծով գործադիրն այսօր նաև հաստատել է  2014 թվականի  աշխտանքային օրերը տեղափոխելու մասին նախագիծը: Եվ այսպես՝ տեղափոխվել են հունվարի 27- ը, ապրիլի 21- ը, մայիսի 2- ը, հուլիսի 28- ը, օգոստոսի 18-ն ու  սեպտեմբերի 15- ը: Աշխատանքային այս  օրերը հայտարարվել են ոչ աշխատանքային, դրանց փոխարեն աշխատանքային են լինելու համապատասխանաբար  2014 թվականի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը  և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը։

Ցուցադրել ավելի
Back to top button