Քաղաքական

ՀՀ նախագահն ընդունեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է խորհրդարանական հարցերով Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակաո Մակինոյին: Հանրապետության նախագահը բարձրաստիճան հյուրին խնդրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխանցել իր ուղերձ-նամակը, որում նախագահը վերահաստատել է հայ-ճապոնական հարաբերություններն այսուհետ ևս համակողմանիորեն զարգացնելու և որակական նոր մակարդակ տեղափոխելու Հայաստանի պատրաստակամությունը: Ուղերձում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու տասնամյակում փոխվստահելի գործընկերության ու բարեկամության ամուր հիմքի վրա կառուցված և այսօր դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցության հեռանկարին: Հանրապետության նախագահը նաև վերահաստատել է Ճապոնիայի վարչապետին ուղղված Հայաստան այցի իր հրավերը:

Փոխնախարար Տակաո Մակինոն վստահեցրել է նախագահ Սերժ Սարգսյանին, որ ուղերձի հետ Ճապոնիայի կառավարության ղեկավարին կփոխանցի նաև իր հայաստանյան այցի տպավորություններն ու դրանց արդյունքում ձևավորված՝ երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված մոտեցումները:

Միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից ընդգծվել են անցած տարի Հայաստանի նախագահի Ճապոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը երկուստեք գոհունակությամբ են խոսել միջազգային ասպարեզում Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության ու կարևոր հարցերում փոխադարձ աջակցության մասին:

Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, հայ-ճապոնական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին: Փոխնախարար Մակինոն երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր անվանի հայրենակցին՝ Ցուգիո Մակիմոտոյին, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button