ԿարևորՔաղաքական

ԼՂՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ կհանդիպի միայն Ստեփանակերտում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ որպես հետագա քայլ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում»,  որը կկայանա դեկտեմբերի 5-6-ը Կիևում և համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարեվերջ։

Կգա՞ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ։ Բայց վստահաբար կարելի է ասել, որ եթե ԼՂՀ նախագահի հետ հանդիպում ծրագրվի, ապա այն անպայման կայանալու է ԼՂՀ մայրաքաղաքում: Նախագահ Բակո Սահակյանը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ հանդիպելով երիտասարդների հետ խոսել է դեռևս 2007-ին ՄԽ համանախագահների հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին. «Ես հրաժարվել եմ 2007- ին՝ նախագահ ընտրվելուց հետո, նրանց հետ հանդիպել Երեւանում եւ այդ մասին նրանց ասել եմ։ … Ի պատիվ նրանց՝ նրանք հարգել եւ ընկալել են իմ այդ պահանջը եւ շարունակում են լինել նաեւ Արցախում»։
Ինչ վերաբերում է բանակցությունների ներկա փուլին, ապա նախագահ Սահակյանը երիտասարդներին կրկին հիշեցրել է ԼՂՀ դիրքորոշման մասին: Որոշումները կարող են ընդունելի լինել, եթե ԼՂՀ-ն դրանց մասնակցի մշակման հենց սկզբից, այլ ոչ թե որոշակի փուլում: Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ԼՂՀ-ում միշտ վերապահումներ ունեցել են և ԼՂՀ նախագահը վերստին հաստատեց այդ դիրքորոշումը: «Մենք դեմ ենք եւ բազմիցս դրա մասին ասել ենք»,- նկատել է Բակո Սահակյանը։

Իսկ սա նշանակում է, որ Արցախում հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ են ակնկալում բանակցողներից՝ այդ հարցում չնսեմացնելով ՄԽ համանախագահների դերը։  Հակամարտության կարգավորման ջանքերին զուհագեռ քաղաքական այլ քայլերի մի մասն արդեն պտուղներ է տվել` փոխելով ԼՂՀ վերաբերյալ ընկալումները արտերկրում և նաև ճանաչման գործընթացի սկիզբը նախանշելով։

Ցուցադրել ավելի
Back to top button